Լոս Անջելեսի «Dolby» կինոթատրոնում տեղի ունեցած «Օսկար-2023» մրցանակաբաշխության ժամանակ լավագույն ֆիլմ ճանաչվեց ռեժիսորներ Դեն Կվանի եւ Դենիել Շայներթի «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմը, որի գլխավոր դերակատարուհի Միշել Յեոն ճանաչվեց լավագույն դերասանուհի։ Նույն ֆիլմի դերակատարներ Կե Հուի Կուանը եւ Ջեյմի լի Քերթիսը ճանաչվեցին համապատասխանաբար Երկրորդ պլանի լավագույն դերասան եւ դերասանուհի։ Դեն Կվանի եւ Դենիել Շայներթի «Ամեն ինչ ամենուր եւ միանգամից» ֆիլմն արժանացավ նաեւ «Լավագույն օրիգինալ սցենար» եւ «Լավագույն մոնտաժ» (մոտնաժող՝ Փոլ Ռոջերս) մրցանակներին։
Օսկարի 95-րդ մրցանակաբաշխությունում Լավագույն արտասահմանյան ֆիլմ ճանաչվեց ռեժիսոր Էդվարդ Բերգերի «Արեւմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմը։ Նույն ֆիլմի օպերատոր Ջեյմս Ֆրենդն արժանացավ «Լավագույն օպերատոր» մրցանակին։ «Արեւմտյան ճակատում նորություն չկա» ֆիլմը մրցանակներ շահեց նաեւ «Լավագույն օրիգինալ սաունդթրեք» եւ «Բեմադրող նկարչի լավագույն աշխատանք» անվանակարգերում։
Ամերիկյան կինոակադեմիայի սահմանած «Լավագույն դերասան» անվանակարգում մրցանակ շահեց «Կետ» ֆիլմի գլխավոր դերակատար Բրենդան Ֆրեյզերը։ «RRR. Մոտակայքում մռնչում է հեղափոխությունը» ժապավենը «Naatu Naatu» երգի համար արժանացավ «Լավագույն երգ» մրցանակին։ «Գիլերմո դել Տորոյի Պինոկիոն» ֆիլմը արժանացավ «Լավագույն անիմացիոն ֆիլմ» մրցանակին, «Ավատար. ջրի ուղին» ժապավենը՝ «Լավագույն տեսողական էֆեկտներ» մրցանակին, «Խոսում են կանայք» ֆիլմը մրցանակ շահեց «Լավագույն ադապտացված սցենար» անվանակարգում։
«Լավագույն կարճամետրաժ անիմացիոն ֆիլմ» անվանակարգում մրցանակի արժանացավ «Տղան, խլուրդը, աղվեսը եւ ձին» ժապավենը, «Լավագույն կարճամետրաժ խաղարկային ֆիլմ» անվանակարգում՝ «Հրաժեշտ իռլանդական ձեւով» ֆիլմը։ Լավագույն կարճամետրաժ վավերագրական ֆիլմ ճանաչվեց «Փղերին հմայողները» ֆիլմը։ Ռութ Է. Քարտերը «Սեւ հովազ. Հավերժ Վականդա» ֆիլմի համար արժանացավ «Լավագույն կոստյումներ», իսկ Ադրիան Մորոն, Ջուդի Չինը եւ Անեմարի Բրեդլին «Կետ» ֆիլմի համար շահեցին «Լավագույն գրիմ» մրցանակը։