Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւն անդրադարձել է խորհրդային շրջանի գործիչների մեծարման եւ վերջիններիս հուշարձանների տեղադրման խնդրին: Տոկաեւը կոչ է արել թույլ չտալ միայն մեկ տարածաշրջանում հայտնի անձանց կամ կասկածելի կենսագրություն ունեցող խորհրդային դիցաբանական գործիչների համար հուշարձան տեղադրել: Նա ասել է, որ հաճախ հորինվում են սխրանքներով լի կենսագրություններ, որոնք իրական կյանքում չեն եղել։ Կա՛մ արխիվային փաստաթղթերը չեն հաստատում այդ կենսագրությունները, կա՛մ դրանք իսպառ բացակայում են։
«Ակտիվիստների խմբերը բառացիորեն ստիպում են մեր քաղաքացիներին հավատալ խորհրդային անցյալի կուսակցական եւ պետական առաջնորդների առասպելականացված կենսագրություններին»,- ասել է Տոկաեւը։ Ղազախստանի նախագահն անդրադարձել է նաեւ երիտասարդների հոգեւոր եւ կրոնական դաստիարակությանը, ինչպես նաեւ կարեւորել ազգամիջյան ներդաշնակության պահպանումը Ղազախստանում: