Ըստ Ստոկհոլմի Խաղաղության խնդիրների հետազոտության միջազգային ինստիտուտի (SIPRI) տարեկան զեկույցի՝ թեեւ զենքի մատակարարումներն ամբողջ աշխարհում կրճատվել են, սակայն վերջին հինգ տարիների ընթացքում եվրոպական երկրները զենքի մատակարարումները ՌԴ-ի եւ եվրոպական մյուս երկրների միջեւ հարաբերությունների լարվածության պատճառով ավելացրել են 47%-ով: SIPRI-ի կանխատեսումներով՝ Եվրոպայում զենքի ներմուծումը կշարունակի աճել առաջիկա տարիներին թե՛ Ուկրաինայում ռազմական գործողություններից առաջ կատարված պատվերների, թե՛ հակամարտության արագացված գնումների գործընթացների արդյունքում։
SIPRI-ի ավագ գիտաշխատող Փիթեր Վեզեմանն ընդգծել է, որ Ուկրաինայում ՌԴ-ի ռազմական գործողությունների մեկնարկից ի վեր Եվրոպայի երկրները ծրագրում են է՛լ ավելի մեծացնել զենքի ներմուծումը: Վերջին 30 տարիների ընթացքում, Միացյալ Նահագներն ու Ռուսաստանը գերիշխում էին սպառազինությունների մատակարարման շուկայում, այդուհանդերձ վերջին հինգ տարում ԱՄՆ-ի գերակայությունն աճել է, իսկ երրորդ տեղում գտնվող Ֆրանսիան զգալիորեն կրճատել է ՌԴ-ի հետ տարբերությունը:
Ռուսաստանը 37%-ով քիչ զենք է վաճառել Հնդկաստանին, իսկ Պեկինին մատակարարումներն ավելացրել է 39%-ով
2018-2022 թվականներին ԱՄՆ-ից արտահանումն աճել է 14%-ով, իսկ Ռուսաստանից արտահանումը կրճատվել է 31%-ով։ ՌԴ-ն այժմ զբաղեցնում է շուկայի 16%-ը՝ հինգ տարի առաջվա 22%-ի դիմաց։ Մոսկվան զենքի արտահանումը կրճատել է իր 10 հիմնական գնորդ երկրներից 8-ում։ Վերջին հինգ տարում Ռուսաստանը 37%-ով քիչ զենք է վաճառել ռուսական զենքի ամենամեծ գնորդին՝ Հնդկաստանին, միեւնույն ժամանակ արտահանումը յոթ այլ երկրներ կրճատվել է միջինը մոտ 60%-ով: Ընդ որում` վերջին հինգ տարում Ռուսաստանը Չինաստանին մատակարարումներն ավելացրել է 39%-ով, Եգիպտոսին՝ 44%-ով։
Ըստ SIPRI-ի վերլուծաբանների՝ Ուկրաինայում ռազմական գործողությունների պատճառով ՌԴ-ն, հավանաբար, կշարունակի կրճատել զենքի արտահանումը եւ առաջնահերթություն կդարձնի սեփական բանակի մատակարարումը։ Զենքի համաշխարհային շուկայում Ռուսաստանի բաժնի կրճատման մեկ այլ գործոն կլինեն պատժամիջոցներն ու ԱՄՆ-ի եւ նրա դաշնակիցների կողմից երրորդ երկրների վրա ճնշումը։
Ամերիկյան զենքի խոշորագույն ներմուծողների սանդղակում Թուրքիան 7-րդ հորիզոնականից հայտնվել է 27-րդ հորիզոնականում
Ըստ SIPRI-ի զեկույցի՝ ՆԱՏՕ-ի եվրոպական անդամները վերջին հինգ տարիների ընթացքում 65%-ով ավելացրել են սպառազինությունների ներմուծումը: Զենքի ամենախոշոր ներմուծող է դարձել ԱՄՆ-ը՝ 65% բաժնով, որին հաջորդում են Ֆրանսիան (8,6%) եւ Հարավային Կորեան (4,9%)։ Վեզեմանը նշում է, որ Ֆրանսիան նույն ժամանակահատվածում ավելացրել է զենքի վաճառքը՝ շուկայում իր բաժինը 7,1%-ից հասցնելով 11%-ի։ Ըստ փորձագետի՝ Ֆրանսիան զենքի համաշխարհային շուկայում ավելի մեծ բաժին է ձեռք է բերում, քանի որ ռուսական զենքի արտահանումը նվազում է: «Դա, հավանաբար, կշարունակվի, քանի որ մինչեւ 2022-ի վերջը Ֆրանսիան զենքի արտահանման շատ ավելի չավարտված պատվերներ ուներ, քան Ռուսաստանը»,- արձանագրել է Փիթեր Վեզեմանը։
Զեկույցում նաեւ նշվում է, որ 2018-2022 թվականներին ԱՄՆ-ի զենքի մատակարարումները Թուրքիային նվազել են՝ հաշվի առնելով երկկողմ հարաբերություններում լարվածությունը: Ամերիկյան զենքի խոշորագույն ներմուծողների սանդղակում Թուրքիան 7-րդ հորիզոնականից հայտնվել է 27-րդ հորիզոնականում: