ԱՄՆ-Ռուսաստան դիմակայությունը տրանսֆորմացվում է նախկին խորհրդային երկրների ներքին լարվածության։ Մի քանի օր առաջ բազմամարդ հանրահավաքներ տեղի ունեցան Թբիլիսիում։ Առիթը խորհրդարանում առաջին ընթերցմամբ ընդունված «Օտարերկյա գործակալների մասին» օրենքն է։
Հաջակցություն ցուցարարների հայտարարությամբ հանդես եկավ նախագահ Զուրաբիշվիլին։ Կառավարությունը ստիպված էր օրենքը հանել շրջանառությունից։ Իշխող «Վրացական երազանք» կուսակցությանը խստորեն քննադատեցին Միացյալ Նահանգներն ու Եվրամիությունը։ Հետեւեց Վրաստանի նախագահի չծրագրված այցը Միացյալ Նահանգներ։
Կիրակի բողոքի զանգվածային ցույցեր են տեղի ունեցել Մոլդովայի մայրաքաղաք Քիշնեւում։ Տասնյակ հազարավոր ցուցարարներ վանկարկել են «Վերջ բռնապետությանը, վերջ Մարիա Սանդուին»։ Մոլդովայի նախագահը հանդես է գալիս որպես եվրաինտեգրման ջատագով։ Նրա նախաձեռնությամբ Մոլդովայի խորհրդարանը ԱՊՀ շրջանակում ստանձնած մի քանի պարտավորություններ չեղյալ է հայտարարել։ Իրավիճակը լարված է Մերձդնեստրում։ Ռուսական մամուլը գրում է, որ Ուկրաինան «ծրագրում է գրավել» ինքնահռչակ հանրապետության տարածքը։ Երկրի արեւմտյան կողմնորոշման դեմ է նաեւ Գագաուզիայի ինքնավարությունը։
Այս գործընթացները վկայում են, որ հետխորհրդային երկրների աշխարհաքաղաքական կողմնորոշումը շարունակում է օրախնդիր մնալ թե’ Միացյալ Նահանգների, թե’ Ռուսաստանի համար։ Վրաստանի իրավիճակի շուրջ հայկական փորձագիտական հանրության եւ իշխանամերձ քաղաքական շրջանակների արձագանքը հիմնականում ընդդիմության հետ գաղափարական եւ արժեհամակարգային համերաշխությունն էր։ Համատեքստին ինտրիգ է հաղորդում առաջիկա օրերին ՌԴ Դաշնային խորհրդի փոխնախագահի գլխավորած պատվիրակության Հայաստան այցի մասին տեղեկությունը։
Շաբաթավերջին հայտնի դարձավ, որ Հայաստանը հրաժարվել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալի պաշտոնի քվոտայից։ Ռուսաստանյան մամուլը խիստ քննադատական է արձագանքել։ Փաստացի խոսքը անվտանգային համակարգի դիվերսիֆիկացիայի մասին է։ Հնդկաստան է այցելել ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի պետի գլխավորած պատվիրակությունը։ Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպանը եղել է Լաչինի միջանցքի սկզբնամասում։ Հայաստանը շարունակում է պնդել Լաչինի միջանցք եւ Լեռնային Ղարաբաղ միջազգային փաստահավաք խմբի առաքման անհրաժեշտությունը։
Բարդ իրավիճակին հավելյալ սրություն է հաղորդում Հայաստանի ընդդիմությունը։ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հերքել է, թե Հայաստանը «բանակցել է Ադրբեջանի կազմում Լեռնային Ղարաբաղի ինտեգրման» շուրջ։ Մեծանում է տեղեկատվական ճնշումը նաեւ պաշտոնական Ստեփանակերտի վրա։ Պետք է պատրաստ լինել, որ «Փաշինյանը հանձնում է Արցախը» նարատիվը շրջանառվելու է նաեւ Ստեփանակերտում։ Թե ինչ ուժգնությամբ եւ հետեւողականությամբ, կախված կլինի Ազատ հայրենիք-ՔՄԴ դաշինքից։ Երեւում է, վերջին իրադարձություններով պայմանավորված, այնտեղ նույնպես գերիշխում են հակափաշինյանական տրամադրությունները։ Մտնում ենք ներքին փորձությունների փուլ։
Անկայունության «կորը», որ Արեւելյան Եվրոպայից հասնում է մեր տարածաշրջան, շրջանցում է Ադրբեջանը։ Փոխարենը շոշափելիորեն լարվում են Իրան-Ադրբեջան հարաբերությունները։ Իսրայելի հետախուզության պետը Բաքու է այցելել եւ բանակցություններ վարել Իլհամ Ալիեւի հետ։ Ադրբեջանի իշխանությունը լիովին վերահսկում է ներքին իրավիճակը։ ԱՄՆ-ը եւ Եվրամիությունը հետեւողականորեն չնկատելու են տալիս այդ երկրում ժողովրդավարության եւ մարդու իրավունքների դեմ համակարգային հարձակումները։
Դիմակայության կորը կանցնի նաեւ Ստեփանակերտո՞վ։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։