Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հույս է հայտնել, որ կորոնավիրուսային համավարակը 2023 թվականին կավարտվի։ Ըստ Գեբրեյեսուսի` կորոնավիրուսից մահացությունների շաբաթական թիվն առաջին անգամ ավելի քիչ է, քան այն թիվը, որի ժամանակ համավարակ հայտարարվեց։ «Վստահ եմ՝ այս տարվա ընթացքում ինչ-որ պահի կկարողանանք ասել, որ ՔՈՎԻԴ-19-ը որպես միջազգային նշանակություն ունեցող հանրային առողջության ոլորտում արտակարգ իրավիճակ եւ որպես համավարակ ավարտվել է»,- նշել է կազմակերպության ղեկավարը:
Գեբրեյեսուսը նշել է նաեւ համավարակից դասեր քաղելու անհրաժեշտության մասին, որպեսզի չկրկնվի «անփութության խուճապի բոլորաշրջանը», որով երկար ժամանակ բնութագրվում էին համավարակի նկատմամբ պատասխան միջոցառումները։
2019-ի դեկտեմբերի 31-ին Չինաստանի իշխանությունները ԱՀԿ-ին տեղեկացրել են Հուբեյ նահանգի Ուհան քաղաքում անհայտ թոքաբորբի բռնկման մասին: Ընդ որում՝ առաջին հիվանդացածները այս կամ այն կերպ առնչվում էին տեղական ծովամթերքի շուկայի հետ։ 2020-ի հունվարի սկզբին Չինաստանում պաշտոնապես հայտարարվեց, որ անհայտ ծագման վիրուսային թոքաբորբի բռնկման պատճառ է դարձել կորոնավիրուսի նոր տեսակը։ Եվ արդեն 2020-ի մարտի 11-ին ԱՀԿ ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը հայտարարեց, որ նոր կորոնավիրուսի տարածումը համավարակի բնույթ է կրում։