ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ասուլիսի ժամանակ հայտարարել է, որ Հայաստանը մի քանի օր առաջ ստացել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի արձագանքը։ Նա նշել է, որ փաստաթղթում որոշակի առաջընթաց կա, բայց կան նաեւ արմատական խնդիրներ։ Ըստ նրա՝ Բաքուն փորձում է Հայաստանի տարածքային պահանջներ ձեւակերպել եւ ԼՂ-ում ցեղասպանություն կամ էթնիկ զտումներ անելու մանդատ ձեռք բերել։ Ըստ Փաշինյանի՝ այն, որ ներկայում Ադրբեջանում նոր ակտիվությամբ են սկսել խոսել «Արեւմտյան Ադրբեջանի» եւ ադրբեջանցի փախստականների` Հայաստան «վերադառնալու» մասին, հերթական անգամ ապացուցում է, որ Ադրբեջանը նկրտումներ ունի ՀՀ ինքնիշխան տարածքների նկատմամբ։ Ըստ նրա՝ Ադրբեջանի հետ ստորագրվելիք ցանկացած փաստաթուղթ պետք է իրականացման միջազգային երաշխիքներ ունենա, որոնք, նրա կարծիքով, բացակայում են։
Անդրադառնալով ԼՂ ժողովրդի իրավունքներին եւ անվտանգությանը՝ Փաշինյանը նշել է, որ դա պետք է որոշի ԼՂ ժողովուրդն ու կառավարությունը։ Հիշեցնենք՝ Բաքվում Արցախի եւ Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպում անցկացնելու վերաբերյալ Ալիեւի աշխատակազմից Ստեփանակերտին առաջարկ էր ուղարկվել։ Ըստ Փաշինյանի՝ Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչներն իրենք պետք է խոսեն՝ պատասխանատվությունը ստանձնելու, եւ «սեփական ակնկալիքների բավարարման ու ձեւակերպումների, սկզբունքների հետապնդման հնարավորություն ստանալու համար»։ Նա հավելել է, որ պետք է «խոսակցությունների շարունակականությունը» երաշխավորող միջազգային որոշակի մեխանիզմ լինի։ Ըստ նրա` դրանցից մեկը կարող է փաստահավաք առաքելությունը դառնալ։