2023-ի առաջին երկու ամիսներին Հայաստանում առանց վավերական արտոնագրի, կացության կարգավիճակի եւ անվավեր փաստաթղթերով բնակվող 48 օտարերկրացի է հայտնաբերվել: 2022-ին այդ կարգավիճակով վարչական պատասխանատվության է ենթարկվել 6730 օտարերկրացի, որոնց մեծամասնությունը Հնդկաստանի քաղաքացիներ են: Հայտնաբերելուց հետո անօրինական միգրանտներին ուղղորդում են Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայություն, որտեղ ստուգվում է օտարերկրացիների կարգավիճակը, ըստ օրենքի՝ նշանակվում են վարչական տուգանքներ։
ՀՀ ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության անօրինական միգրացիայի դեմ պայքարի բաժնի պետ Դավիթ Ավետյանը «Առաջինի լրատվական ալիք»-ին հայտնել է, որ անօրինական միգրացիայի հակազդմանն ուղղված միջոցառումների շրջանակում 2022-ին երկու փուլով անցկացված «Նելեգալ» պայմանական անվամբ օպերատիվ կանխարգելիչ քայլերի ընթացքում հայտնաբերվել է Հայաստանում անօրինական հիմքերով բնակվող 268 օտարերկրյա քաղաքացի: Երեւանում եւ Կոտայքի մարզում գտնվող սննդի գյուղմթերքի արտադրամասերում, գիշերային ակումբներում հայտնաբերվել են «Օտարերկրացիների մասին» ՀՀ օրենքների պահանջների խախտմամբ աշխատող 27 օտարերկրյա քաղաքացիներ։
ՀՀ ՆԳՆ միգրացիայի եւ քաղաքացիության ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը նշել է, որ նրանց հետ տարվում է բացատրական աշխատանք, ներկայացվում է, թե «անօրինական միգրանտի» կարգավիճակում իրենց ինչ է սպասում։ Մասնավորապես, նրանց պարտավորում է 30 օրվա ընթացքում լքել երկիրը: Ըստ Դավթյանի՝ այդ ընթացքում նրանց նկատմամբ սահմանվում է հսկողություն, իսկ մեկ ամիսը լրանալուն պես տվյալ օտարերկրացիների ելքը ստուգվում է սահմանահատումների էլեկտրոնային համակարգով: Եթե ելքն արձանագրված չի լինում, կազմվում է արտաքսման վարույթ: Նելլի Դավթյանը հավելել է, որ եթե նրանք ցանկանում են շարունակել բնակվել Հայաստանում, հնարավորություն ունեն իրենց կեցությունն օրինականացնելու, ձեւակերպելու կացության կարգավիճակ՝ ուսման, աշխատանքի, ընտանիքի վերամիավորման կամ Հայաստանում ձեռներեցությամբ զբաղվելու հիմքերով։
2022-ի տարեվերջի դրությամբ 12 հազար 877 օտարերկրացի Հայաստանում ունի մեկ տարով տրվող վավեր ժամանակավոր կացության կարգավիճակ, 3279-ը ունի 5 տարով տրվող մշտական կացության կարգավիճակ, եւ 2622-ն ունի 10 տարով տրվող հատուկ կացության կարգավիճակ: