ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Ռուբեն Սարգսյանը ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում ներկայացրել է Աշխատանքային օրենսգրքում 120-ից ավելի փոխվող կամ լրացվող հոդվածները: Նա առանձնացրել է աշխատող մայրերի եւ գործատուի հարաբերությունները կարգավորող դրույթները: Մասնավորապես, ներկա կարգավորումով, մինչեւ 1,5 տարեկան երեխա խնամող կանանց 3 ժամը մեկ 30 րոպե ընդմիջելու հնարավորություն է տրվում: Փոխնախարարը նշել է, որ 1,5-ը դարձրել են 2 տարեկան եւ հնարավորություն է տրվում այդ 3 ժամը տնօրինելու, օրինակ՝ գումարելու օրվա սկզբում կամ վերջում:
Կենսաթոշակային տարիքի լրանալու հիմքով մարդուն չեն կարող ազատել աշխատանքից
Սարգսյանը հայտնել է, որ գործատուն այլեւս չի կարող կենսաթոշակային տարիքի լրանալու հիմքով իր աշխատակցին ազատել աշխատանքից։ Ավելին՝ հնարավորություն է տրվում նաեւ անժամկետ պայմանագիր կնքելու կենսաթոշակային տարիքի անձի հետ: Ըստ փոխնախարարի՝ հաստիքների կրճատման դեպքում Աշխատանքային օրենսգրքում առավելություն են տվել հաշմանդամություն ունեցող եւ սոցիալական խմբերում ներառված անձանց, մասնավորապես, կենսաթոշակի իրավունք ունեցող նախկին զինծառայողների, ֆունկցիոնալ խոր աստիճանի սահմանափակման, կենսաթոշակի անցած, ստացող նախկին զիծառայողների կամ զոհված, անհայտ բացակայող ընտանիքի անդամներին եւ այլոց:
Աշխատողը հնարավորություն ունի 2 տարի պահպանելու աշխատատեղն ու սովորել արտերկրում
Հանգստի իրավունքին վերաբերող փոփոխություններն էլ են եղել: Գործող օրենքով` եթե աշխատողը արձակուրդ գնալու դիմում չի ներկայացնում, գործատուն որեւէ լիազորություն չունի մարդուն արձակուրդ ուղարկելու: Առաջարկվում է սահմանել՝ եթե աշխատողը 2,5 տարի անընդմեջ արձակուրդի դիմում չի ներկայացնում, գործատուն իրավունք է ստանում աշխատողին իր հայեցողությամբ ուղարկելու արձակուրդ: Անդրադառնալով «ուսումնական արձակուրդ» հասկացությանը՝ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ նոր ձեւակերպմամբ՝ հնարավորություն է տրվում աշխատողի նախաձեռնությամբ 2 տարի պահպանելու աշխատատեղ ու սովորելու արտերկրում: Գործող կարգավորումներով՝ աշխատանքի անցնելուց միայն 6 ամիս հետո արձակուրդ գնալու իրավունք կա:
Ամրագրվել է աշխատանքային հարաբերություններում «բռնություն» կամ «ոտնձգություն» հասկացությունը, սեռական ոտնձգության արգելքը: Նախագիծը ստացել է գլխադասային հանձնաժողովի դրական եզրակացությունը եւ կքննարկվի ԱԺ լիագումար նիստում: