Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի համայնքում համամասնական ընտրակարգով կրկին ավագանի են ընտրելու: Նախորդ ՏԻՄ ընտրություններն անցկացվել էին 2022 թվականի սեպտեմբերի 25-ին: Ընտրապայքարի մեջ էին 3 քաղաքական ուժեր, որոնցից ոչ մեկը 50+1 ձայն չէր հավաքել, հետեւաբար միանձնյա, առանց կոալիցիա կազմելու չկարողացան համայնքի ղեկավար ընտրել:
Անցած տարվա դեկտեմբերի 8-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշման համաձայն, Շիրակի մարզի Անի համայնքի ղեկավարի պաշտոնակատար էր նշանակվել իշխող կուսակցության թեկնածու Արման Սարիբեկյանը։
33-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահ Արկադի Թադեւոսյանը տեղեկացրեց, որ ընտրությանը մասնակցող նախորդ 3 քաղաքական ուժերին միացել է եւս մեկը: Այժմ Անիի ղեկավարությունը ստանձնելու համար պայքարում են «Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը՝ գլխավորությամբ Անիի 18 տարվա նախկին ղեկավար Արտակ Գեւորգյանի, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը, որի առաջին համարը Արման Սարիբեկյանն է, «Հայկական երազանք» կուսակցությունը՝ Ագուն Սաղաթելյանի գլխավորությամբ, եւ «Ազգ-համայնք» դաշինքի նախորդ ընտրացուցակի երկրորդ համարի թեկնածուԱրմենակ Նաջարյանի գլխավորած նորաստեղծ «Իմ հզոր համայնք» կուսակցությունը:
Ավագանու անդամ դառնալու համար 3 կուսակցություններով եւ մեկ դաշինքով 191 թեկնածու է գրանցվել:
Մարտի 1-ից մեկնարկած քարոզարշավն ավարտին կհասնի մարտի 24-ին: Թեև պայքարը թեժ է, կողմերն՝ անզիջում, բայց Արկադի Թադեւոսյանը վստահեցնում է, որ խախտումներ չկան, քարոզարշավն ընթանում է բնականոն հունով:
Թե ինչով կավարտվի նախկին ու ներկա քաղաքական ուժերի լարված պայքարը, պարզ կդառնա մարտի 26-ի ուշ երեկոյան:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։