ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանը հերքում է մամուլում տարածված լուրերը, թե գլխավոր դատախազությունը մտադիր է քրեական հետապնդման նպատակով իրեն անձեռնմխելիությունից զրկելու միջնորդություն ներկայացնել։ Թորոսյանն ընդգծել է, որ եթե ժամանակին իրեն եւ գործող նախարարին հարցեր ուղղեին, նման քրեական գործ չէր լինի։ Թորոսյանն ավելի վաղ հանգամանորեն անդրադարձել էր կորոնավիրուսի համավարակի աշխատանքների շուրջ Հակակոռուպցիոն կոմիտեի հարուցած քրեական վարույթի շրջանակում կատարած գործողություններին։
Լրագրողների հետ զրույցում Թորոսյանը նշել է, որ դրա համար պատճառ չի տեսնում։ Նա ընդգծել է, որ իր անձի շուրջ ծավալված քննարկումների խորապատկերում մանդատից հրաժարվելու հիմքեր եւս չկան։ «Ես երբեւէ որեւէ պատճառ չեմ տեսել նման միջնորդության համար։ Մամուլում կեղծ տեղեկությունների հիման վրա հրապարակումներ են անում։ Այս ամեն ինչն ինձ հետ ընդհանրապես կապ չունի, եւ չի կարելի նման ձեւակերպումներ անել, թե իմ նկատմամբ ինչ-որ գործողություններ կլինեն»,- շեշտել է Արսեն Թորոսյանը։
Առողջապահության նախկին նախարարն ընդգծել է, որ ինքը շատ հստակ իր հաղորդագրություններում կետերով նշել է առկա խնդիրները։ Թորոսյանը հույս է հայտնել, որ այդ խնդիրներով զբաղվող մարմինները նաեւ իրենց ներքին ընթացակարգերով կպարզեն՝ ինչու է այդ ամենը տեղի ունեցել, եւ ի վերջո արդարադատությունը կհաղթի։