Հաագայի Միջազգային քրեական դատարանը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի, ինչպես նաեւ ՌԴ նախագահին առընթեր Երեխաների իրավունքների հարցով հանձնակատար Մարիա Լվովա-Բելովայի ձերբակալման միջազգային կարգադրություններ է տվել: Միջազգային քրեական դատարանը պարզաբանել է, որ Պուտինն ու Լվովա-Բելովան կասկածվում են ուկրաինացի երեխաների բռնագաղթի համար։ 2022-ի հոկտեմբերին Մարիա Լվովա-Բելովան Պուտինին զեկուցել է, որ որդեգրել է Մարիուպոլից ՌԴ տեղափոխված երեխային։ Նա հավելել է, որ հոկտեմբերի դրությամբ Ուկրաինայի սոցիալական հաստատություններից շուրջ 2000 որբ երեխա է տեղափոխվել ՌԴ։ Եվս 350 դոնբասցի որբ երեխաների «տեղավորել» են ՌԴ 16 մարզերի ընտանիքներում, որտեղ նրանց որդեգրել են։ ՄԱԿ-ի քննչական հանձնաժողովը հայտարարել է, որ ուկրաինացի երեխաներին Ռուսաստանի տարածք տեղափոխելը կարող է պատերազմական հանցագործություն համարվել:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ողջունելով ՌԴ նախագահին ձերբակալելու մասին որոշումը, շնորհակալություն է հայտնել դատախազ Քարիմ Խանի թիմին՝ սկզբունքայնության եւ մեղավորներին իրապես պատասխանատվության ենթարկելու պատրաստակամության համար: Նա նշել է, որ դատարանի քայլը միջազգային արդարադատության ծանրակշիռ եւ հեռանկարային որոշում է, որից կսկսվի պատմական պատասխանատվությունը: ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ թեեւ ԱՄՆ-ում միջազգային մակարդակով չեն ճանաչել դատավճիռը, այդուհանդերձ Պուտինին ձերբակալելու վերաբերյալ Միջազգային քրեական դատարանի որոշումն արդարացված եւ շատ ուժեղ դիրքորոշում են համարում: Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը ողջունելով Պուտինին կալանավորելու մասին որոշումը, նշել է, որ Միջազգային քրեական դատարանը ռազմական հանցագործությունները հետաքննելու համապատասխան կառույց է: «Փաստն այն է, որ ոչ ոք չի կարող օրենքից վեր լինել, և դա պարզ է դառնում հենց հիմա»,- ընդգծել է կանցլերը: Եվրամիության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն հանձնակատար Ժոզեպ Բորելը անդրադառնալով Պուտինին ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի որոշմանը՝ հայտարարել է, որ այդ քայլը միայն սկիզբն էր Ուկրաինայում իր հանցագործությունների եւ վայրագությունների համար Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու հարցում։ Ըստ Բորելի՝ որոշումը կարեւոր է նաեւ Ուկրաինայի ժողովրդի համար:
Որոշմանն ավելի վաղ արձագանքել են ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան եւ ՌԴ Երեխաների իրավունքների հարցով հանձնակատարը։ Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը, հարցի առաջադրումը համարելով վրդովեցուցիչ եւ անընդունելի, հայտարարել է, որ Ռուսաստանը չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավազորությունը եւ նրա նման կարգի ցանկացած որոշում համարում է առ ոչինչ։ Մարիա Զախարովան, նշելով, որ ՌԴ-ն Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտի մասնակից չէ եւ դրա վերաբերյալ պարտավորություններ չունի, հայտարարել է, որ Ռուսաստանն այդ կառույցի հետ չի համագործակցում, իսկ միջազգային դատարանից բխող ձերբակալության հնարավոր «դեղատոմսերը» Մոսկվայի համար իրավաբանական նշանակություն չունեն։ Մարիա Լվովա-Բելովան, որի նկատմամբ պատժամիջոցներ է սահմանել նաեւ Ճապոնիան, հեգնել է, որ միջազգային հանրությունը «գնահատել է երեխաներին պատերազմական գոտիներից հանելու եւ նրանց համար լավ պայմաններ ստեղծելու ՌԴ աշխատանքը»։