Հայաստանյան հանրային կյանքում ագրեսիայից ագրեսիա՝ հովհարային անջատումներով քննարկվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու եւ Արեւմուտքի հետ ավելի սերտ ու ռազմաքաղաքական համագործակցության խնդիրը։
Վերջին ասուլիսում վարչապետ Նիկոլ Փաշինյանը նույնիսկ հայտարարեց. «ՀԱՊԿ-ում մտավախություն կա, որ Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից, ես ասացի՝ կարծում եմ՝ այդ մտավախությունը տեղին չէ, տեղին է ուրիշ մտավախություն, որն առկա է Հայաստանի Հանրապետությունում, այն է, որ ՀԱՊԿ-ն դուրս կգա Հայաստանի Հանրապետությունից: Իմ գնահատականն այն է, որ ՀԱՊԿ-ը ցանկանալով, թե չցանկանալով դուրս է գալիս Հայաստանի Հանրապետությունից, եւ դա մեզ անհանգստացնում է»։
ՀԱՊԿ-ից դուրս գալու խոսակցությունները վաղուց հատել են ողջախոհության սահմանը եւ անցել կարգո-կուլտի տրամաբանության։ ՀԱՊԿ-ից դուրս գալու կողմ խոսողների փաստարկն այն է, որ այն չի ճանաչում ՀՀ սահմանները, չի կատարում իր գործառույթները, եւ, որ ամենակարեւորն է, այն թույլ չի տալիս որ մենք մեր արեւմտյան գործընկերների հետ ռազմական համագործակցություն ծավալենք՝ առնվազն զենք գնելու եւ ստանալու հնարավորություն ունենանք։
Դեմ արտահայտվողներն էլ խոսում են նրանից, որ գոնե էժանով զենք առնելու տեսական հնարավորություններ ունենք եւ պետք չի զայրացնենք ՀԱՊԿ-ի քավոր Ռուսաստանին։ Ըստ էության, երկու խոսույթներն էլ երազների տիրույթում են եւ ոչ մի առնչություն չունեն ՀՀ իրական մարտահրավերների, ամեն օր առկախված պատերազմի վտանգի եւ ՀՀ հնարավորությունների ու քայլերի հետ։
Բայց դա էլ մի կողմ։ Իրականում ՀՀ-ի ՀԱՊԿ-ից դուրս գալը եւ ՀԱՊԿ «հայհոյելը», որքան էլ պարադոքսալ թվա, նաեւառաջ ձեռնտու է Ռուսաստանին, որն ի դեմս ՀԱՊԿ-ի հիմա ռեսուրս, ժամանակ եւ նյարդեր չունի զբաղվելու իր կցորդ կազմակերպության պարտավորություններով։
Նախ, երբ խոսվում է, որ պետք է ՀԱՊԿ-ից դուրս գալ, քանի որ վերջինս չի ճանաչում մեր սահմանների գոյությունը եւ Ադրբեջանի կողմից մեր տարածքների օկուպացիան, դրանով շրջանցվում կամ մոռացվում է նույն կետերի հասցեատեր Ռուսաստանի հանդեպ նման պահանջի լեգիտիմությունը։ Ասել կուզի՝ նույն տրամաբանությամբ պետք է դուրս գալ 1997 թվականի հայ-ռուսական պայմանագրից՝ դրանից բխող բոլոր հետեւանքներով։
Երկրորդ՝ անընդհատ, գիշերուզօր խոսել ՀԱՊԿ-ից նշանակում է շեղել հայացքը Ռուսաստանի պարտավորություններից։ Ասել է թե, Ռուսաստանին ձեռնտու է, որ բոլոր սլաքները ուղղվեն «ՀԱՊԿ» կոչված ամեն ինչ, բայց ոչինչ չասող կառույցի դեմ, մանավանդ որ կհիմնավորվի, թե Ռուսաստանը ինչ անի, որ Ալիեւի բարեկամ երկրները դեմ են՝ դրանով իսկ ազատելով գլուխը երկկողմ ու բազմակողմ պարտավորություններից։
Երրորդ՝ ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման կարելի է «ծախել» նաեւ Արեւմուտքի գործընկերների վրա։ Այսինքն՝ մի կողմից խուսափես Արեւմուտքի առաջարկած ուղեղ բանակցություններից, իսկ մյուսով «հակառուսական սուվերեն պայքարի ծիրում» պայքարես ՀԱՊԿ հողմաղացների դեմ։ Հիանալի տարբերակ է, երբ բոլորը հաղթող են, երջանիկ ու հպարտ։ Իսկ վերջնարդյունքում՝ ոչինչ, զրո, ոչ մի ռեալ քայլ դեպը լավը կամ վատը, ուղղակի պայքար ձեւի ու հոգին վեհացնող տեսարանների համար։ Պայքար դիակի դեմ, որի նույնիսկ դուրս գալու դեպքում ոչ մի գործընկեր երաշխիք կամ խոսք չի տալիս, թե զենքի ու սպառազինության վագոններ են հորդելու սիլիկոնյան հովիտ Հայաստան։
Բայց դե կարեւորը մեղավորի գոյությունն է, հնչեղ հայտարարություններն են, անպտուղ դեմարշներն ու տեսարաններն են, հասարակություն, որին սովորեցրել են ապրել թատրոնի հանդիսատեսի կյանքով ու խրախճանքով, որին առիթից առիթ նաեւ հաց են տալիս, ու որն առավելագույնս գանահատում է այդ մոտեցումը։
Երբ երկրի ղեկավարը ռեֆորմների իմիտացիայով է զբաղված, բանակի պատասխանատուն կենտրոնացած է սեփական անձի բնակտարածքի լավարկման գործով, գեներալները իրենց պատկանող ու ՊՆ-ից «քերած» հողային ֆոնդն են վաճառում, բանակում եւ ամենուր հայտարարում ես 5-րդ շարասյուների ամենակարող ազդեցության մասին, իսկ հակառակորդից եկող վտանգը դրանից չի նվազում, ապա չոր հաշվով մնում է հռչակել դոնկիխոտյան պայքար սուվերենության վերականգնման համար։ Պայքար հողմաղացի դեմ, իսկ դրան զուգահետ հրաժարում ուղիղ բանակցություններից՝ ի շահ նույն այդ սուվերենության միակ թշնամու ու հոգեւոր հոր եւ ի զարմանս այնքան կարոտաբաղձ ու բաց գրկով քեզ սպասող արեւմտյան դաշնակից-բարեկամ-մտահոգների։
Մասնագիտությումբ պատմագետ եմ։ Տարիներ ի վեր ուսումնասիրում եմ հայկական մեդիան եւ քաղաքական դաշտը։ Գրում եմ պատմության, քաղաքականության, մշակույթի, գաղափարների ու մարդկանց մասին։ Չեմ հավատում փրկիչներին։