Մեր մամուլը քաղաքական-հանրային ընկալումների հայելի՞ն է։ Մարտի 17-ի «հոսքից» երկու օրինակ։ Մեկը վերաբերում է Արցախի ներքաղաքական կացությանը, որ ներկայացված է այսպես․ Նիկոլ Փաշինյանի հետ վերջին հանդիպումից Արայիկ Հարությունյանը վերադարձել է հուսահատված, քանի որ Հայաստանի վարչապետը գրեթե բառացի կրկնել է Բաքվի խոսույթը եւ պատրաստվում է հրաժարական տալ, բայց սպասում է Մոսկվայի «վերդիկտին»։ Այսպիսով՝ կամ Մոսկվան կտարհամոզի Արայիկ Հարությունյանին, կամ նա հրաժարական կտա։
Ո՞վ է այս տեղեկության աղբյուրը՝ թողնենք մի կողմ։ Ենթադրենք, Մոսկվան «չի տարհամոզում», Արայիկ Հարությունյանը հրաժարական է տալիս։ Հետո՞։ Ադրբեջանի հետ ուժերի հարաբերակցությունը դրանից փոխվելո՞ւ է։ Իհարկե՝ ոչ։ Մի բան էլ ավելի՝ դա կարող է ավելի թուլացնել Արցախի քաղաքական ինքնակազմակերպվածությունը, բերել ներքին լարվածության։ Այդ դեպքում ո՞րն է Արայիկ Հարությունյանին հրաժարականի մղելու քարոզչության իմաստը։ Միայն մի «երազանք»․ Արցախում ունենալ նախագահ, ով կհայտարարի, որ «Նիկոլ Փաշինյանը դավաճան է»։ Երբ «ձայն մը հնչի արցախական լեռներից»՝ Երեւանը «կփոթորկվի»։ Սա է մտասեւեռման էությունը։ Մնացածն, ինչպես ռուսներն են ասում, քարոզչական «թեփ է»։
Նման եզրակացության է մղում մեկ այլ հրապարակում, որ խմբագրական է եւ «սահմանում է» Հայաստանին Ադրբեջանի «ներկայացվող պահանջները»՝ Արցախը ճանաչել Ադրբեջանի կազմում, լուծարել Արցախի պաշտպանության բանակը, ադրբեջանական ուղեկալներ տեղադրել Բերձորի միջանցքում, Ադրբեջանին վերադարձնել անկլավները, Հայաստանի Հանրապետությունը վերաբնակեցնել ադրբեջանցիներով, տրամադրել Զանգեզուրի միջանցքը։ Նման եզրակացության հեղինակը եկել է՝ վերլուծելով ադրբեջանական կողմի խոսույթը։
Օրերս Իլհամ Ալիեւը Բեռլինում հայտարարեց, որ Հայաստանին ներկայացվել է խաղաղության պայմանագրի նախագիծ՝ հիմնված հինգ սկզբունքների վրա։ Պաշտոնական փաստաթուղթը դա է։ Ըստ այդմ՝ կողմերը ճանաչում են միմյանց ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, միջազգային սահմանների անխախտելիությունը, փոխադարձաբար հրաժարվում են ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառումից, միմյանց նկատմամբ տարածքային հավակնություններից, պարտավորվում հետագայում եւս ձեռնպահ մնալ մեկը մյուսի ներքին գործերին միջամտելուց, անցկացնում են սահմանազատում, վերականգնում կոմունիկացիաները եւ ստեղծում նոր հաղորդակցություններ։
Բոլոր երկրներն էլ միջպետական հարաբերություններ են հաստատում միջազգային իրավունքի հիման վրա։ Պետք է հարգանքի արժանի լինել եւ անգամ լրագրողական խոսույթում թույլ չտալ անհարմարություններ։ Հրապարակման հեղինակն ասում է, թե որեւէ պայմանագիր խաղաղություն չի երաշխավորում։ Իսկ ի՞նչն է երաշխավորում։ «Պատասխանը» ֆեյսբուքյան մի օգտատեր է տալիս՝ «անվերջ բանակցությունների իմիտացիա անել, բայց փաստաթուղթ չստորագրել»։
«Հետո»-ն նրան չի հետաքրքրում։ Կամ էլ, ինչպես շատերը, նա համոզված է, որ «աշխարհակարգը կլուծի մեր խնդիրները»։ Թե ինչ «աշխարհակարգի» մասին է խոսքը, ոչ ոք տեղյակ չէ։ Արդյունքում ունենք «պատերազմից հինգ րոպե պակաս» հոգեվիճակում տվայտող հանրություն, անվստահ իշխանություն եւ անվերջ ինչ-որ «շարժում սկսող» եւ այդպես էլ ոչինչ չձեռնարկող ընդդիմություն, շրջափակված Արցախ, որտեղ տրամադրությունների «ճնշաչափ» է գազ կա կամ չկա իրավիճակը։
Պատմաբան, լրագրող, հրապարակախոս, քաղաքական գործիչ։ Հայաստանի Գերագույն Խորհրդի (1990-95) Արցախից ընտրված պատգամավոր, 2000-2015 թվականներին Արցախի Ազգային ժողովի երեք գումարումների պատգամավոր։ «Հոգեւոր Հայաստանը եւ արդիականությունը» գրքի հեղինակն է։