Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը եւս 60 օրով երկարաձգում է Թուրքիայի, Ուկրաինայի եւ ՄԱԿ-ի հետ կնքած հացահատիկի անվտանգ դուրսբերման վերաբերյալ գործարքը, որի շնորհիվ Ուկրաինան հնարավորություն է ստանում հացահատիկ արտահանելու իր սեւծովյան նավահանգիստներով։
Պեսկովը ընդգծել է նաեւ, որ Մոսկվան բարձր է գնահատում ռուս-ուկրաինական հակամարտության ընթացքում Ռեջեփ Թայիփ Էրդողանի միջնորդական ջանքերը եւ աջակցում է նրան Խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու նախաձեռնությունը: Օրերս Էրդողանին Նոբելյան մրցանակի առաջադրելու առաջարկ է արել նաեւ Թուրքմենստանի Խալկ Մասլախաթիի (Ժողովրդական խորհրդի) նախագահ, երկրի նախկին նախագահ Գուրբանգուլի Բերդիմուհամեդովը։ Նա նշել է, որ արդեն 22 տարի մոտիկից ծանոթ է Էրդողանին, որը համաշխարհային մակարդակի ականավոր անձնավորություն է եւ քաղաքական գործիչ: Նրա կարծիքով` Թուրքիայի նախագահը մեծ աշխատանք է տանում ոչ միայն իր ժողովրդի, այլեւ բոլոր մահմեդական ժողովուրդների խաղաղ կյանքն ապահովելու համար։
Ավելի վաղ Թուրքիայի եւ Հունգարիայի ներկայացուցիչները նույնպես կողմ էին արտահայտվել Էրդողանին Նոբելյան մրցանակի առաջադրելուն։