Ըստ իրանական Tasnim գործակալության՝ Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանը մարտի 18-ին թուրք գործընկեր Մեւլութ Չավուշօղլուի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկել է Իրանի եւ Ադրբեջանի հետ ընթացիկ փոխգործակցությանն առնչվող հարցեր։ Իրանի ԱԳՆ-ից հայտնել են, որ արտգործնախարարները կարծիքներ են փոխանակել ավելի սերտ երկկողմանի կապեր հաստատելու եւ տարածաշրջանային մակարդակով Թեհրանի եւ Անկարայի միջեւ փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի վերաբերյալ։
Թուրքիայի արտգործնախարարը հայտարարել է, որ իր երկիրը ողջունում է 7 տարվա դադարից հետո դիվանագիտական կապերի վերականգնման վերաբերյալ Իրանի եւ Սաուդյան Արաբիայի միջեւ կնքված համաձայնագիրը։ Նա վստահություն է հայտնել, որ այդ գործարքը կամրապնդի մահմեդական աշխարհի դիրքորոշումն ու իսլամական երկրների միջեւ փոխգործակցություն կհաստատի տարածաշրջանային խնդիրների լուծմանն աջակցելու համար։
Իրանի արտգործնախարար Ամիր Աբդոլլահիանն իր հերթին նշել է, որ հարեւանների եւ տարածաշրջանային երկրների հետ դրական փոխգործակցությունը ճանապարհ կհարթի տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ամրապնդման, ինչպես նաեւ միջազգային հարթակում փոխգործակցության ուժեղացման համար։