ՀՀ Քննչական կոմիտեն, ամփոփելով նախորդ տարվա վիճակագրությունը, հայտնել է, որ Երեւան քաղաքում 2022-ին արձանագրվել է ճանապարհատրանսպորտային պատահարների 1928 դեպք, որից 58-ը՝ մահվան ելքով։ 2021-ի համեմատ ճանապարհատրանսպորտային պատահարների քանակը գրեթե չի ավելացել, իսկ մահվան ելքով դեպքերը նվազել են 20-ով կամ 26%-ով։ Այս դրական միտումները մեծապես պայմանավորված են մայրաքաղաքում պարեկային ծառայության ներդրմամբ։
Քննվող վարույթների ճնշող մեծամասնությունը վերաբերում է այն դեպքերին, երբ անձինք շարունակում են վարել տրանսպորտային միջոցը՝ անտեսելով, որ իրենց վարելու իրավունքը ժամանակավորապես կասեցված է` ճանապարհային երթեւեկության կանոնների խախտման համար կիրառվող տուգանային առավելագույն 9 բալերի քանակն անցնելու պատճառով։
Ըստ ՔԿ Երեւան քաղաքի քննչական վարչության ճանապարհատրանսպորտային հանցագործությունների քննության բաժնի՝ վարորդները պետք է տեղեկացված լինեն, որ այդ արարքը համարվում է Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի 344-րդ հոդվածով նախատեսված հանցագործություն։