ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել Ուկրաինայի քաղաքացիություն ունեցող ՌԴ քաղաքացիների համար ՌԴ ՆԳՆ դիմում ներկայացնելու օրվանից այդ քաղաքացիությունը դադարեցնելու մասին։ Օրենքի համաձայն` Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվելու մասին դիմումը ներկայացնելու օրվանից ՌԴ քաղաքացին պարտավոր է չկատարել գործողություններ, որոնք առնչվում են Ուկրաինայի քաղաքացիների համար նախատեսված իրավունքների եւ պարտավորությունների կատարման հետ։ Այս պարտավորությունը չկատարելու դեպքում որոշում է ընդունվում Ուկրաինայի քաղաքացիությունը դադարեցնելու դիմումն անվավեր ճանաչելու վերաբերյալ։ Քաղաքացին կրկին կարող է դիմել Ուկրաինայի քաղաքացիությունից հրաժարվելու համար վերոնշյալ որոշման ընդունումից 10 տարի անց միայն։
«Տվյալ մեխանիզմի գործնական կիրառումը ՌԴ քաղաքացիների համար պետք է ապահովի պետական եւ ՏԻՄ մարմիններում աշխատանքի տեղավորման, դիմորդների համար պետական գաղտնիքի նկատմամբ հասանելիություն նախատեսող կրթական կազմակերպություններում ուսուցման իրավունքի իրացումը, ինչպես նաեւ այլ հարցերի կարգավորում, որոնց լուծման դեպքում Ուկրաինայի քաղաքացիությունը սահմանափակող գործոն է»,– ասված է Դաշնային խորհրդի միջազգային կոմիտեի եզրակացության մեջ։
Օրինագծի հեղինակներն են կոմունիստ պատգամավոր Լեոնիդ Կալաշնիկովը, լիբերալ-դեմոկրատ Սերգեյ Լեոնովը, ինչպես նաեւ Սերգեյ Կաբիշեւը («Արդար Ռուսաստանը. հայրենասերները՝ հանուն ճշմարտության») եւ Արտյոմ Տուրովը («Միասնական Ռուսաստան»)։