ՌԴ ԱԳՆ-ն հրապարակել է Ռուսաստանի եւ Հայաստանի արտգործնախարարներ Սերգեյ Լավրովի եւ Արարատ Միրզոյանի՝ մարտի 20-ին Մոսկվայում անցկացվելիք հանդիպման օրակարգը: Մասնավորապես, քննարկվելու են հայ-ռուսական համագործակցության ներկայիս իրավիճակը եւ դրա զարգացման հետագա քայլերը: Կքննարկվեն ընդհանուր ինտեգրացիոն միավորումներում՝ ԱՊՀ-ում, ԵԱՏՄ-ում եւ ՀԱՊԿ-ում փոխգործակցության ամրապնդման հեռանկարները։
Նշվում է, որ Հարավային Կովկասում Ռուսաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններից մեկը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորմանը նպաստելն է՝ ըստ 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի, նոյեմբերի 26-ի եւ 2022-ի հոկտեմբերի 31-ի եռակողմ պայմանավորվածությունների։ «Դրանց իրականացումը դիտարկում ենք որպես տարածաշրջանում խաղաղության եւ կայունության ապահովման, Երեւանի եւ Բաքվի միջեւ վստահության վերականգնման ու լիարժեք համագործակցության առանցքային պայման», — նշված է հաղորդագրության մեջ: Նախարարությունից նաեւ նշել են, որ Մոսկվան կողմնակից է հայ-ադրբեջանական պետական սահմանի սահմանազատման երկկողմ հանձնաժողովի աշխատանքների շարունակման։ Ռուսական ջանքերի կարեւորագույն ուղղությունը տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակումն է։
ՌԴ ԱԳՆ-ում նաեւ ընդգծել են, որ Երեւանի ու Բաքվի միջեւ խաղաղության պայմանագրի նախապատրաստումը կոչված է ամրապնդել փոխհարաբերությունների հիմնարար սկզբունքները, երկարաժամկետ հեռանկարում փոխշահավետ համագործակցության հիմքեր դնել: Մոսկվան պատրաստ է ամեն կերպ աջակցել այդ չափազանց կարեւոր գործընթացին՝ ի շահ տարածաշրջանային կայունության։
Տեղի կունենա երկու երկրների ԱԳՆ-ների՝ առաջին անգամ պատրաստած «Ռուսաստանի Դաշնություն եւ Հայաստանի Հանրապետություն. դաշնակցային փոխգործակցության 30 տարի» ռուս-հայկական պայմանագրերի եւ համաձայնագրերի եռահատոր ժողովածուի շնորհանդեսը: