Երուսաղեմում դեռեւս անձը չպարզված տղամարդը մարտի 19-ի առավոտյան մտել է հայկական ու հունական եկեղեցիների իրավասության տակ գտնվող Սուրբ Աստվածամայր եկեղեցի եւ փորձել է վնասներ հասցնել, պղծել սրբությունները։ Նախնական տվյալներով` հայկական եկեղեցի ներխուժած տղամարդու մասին առայժմ հայտնի է միայն, որ նա մոլեռանդ արմատական հրեա հավատացյալ է։
Ըստ «Սպուտնիկ Արմենիա»-ի՝ Երուսաղեմից ուղարկված տեսանյութում երեւում է, որ իրավապահները բերման են ենթարկում խուլիգանություն կատարած տղամարդուն։ Վերջինիս չեզոքացրել էին Սուրբ Աստվածամայր եկեղեցու հայ աշխատակիցները։
Հունվարի 28-ի ուշ երեկոյան հրեա երկու ծայրահեղականներ Հայոց Պատրիարքարանի փողոցով «Լացի պատ» գնալիս Հայոց Վանքի դիմաց նախ փորձել են խոչընդոտել երթեւեկությունը, ապա դուրս գալով ճանապարհից՝ հարվածել են աշխատանքից տուն վերադարձող հայ երիտասարդների ավտոմեքենային՝ բղավելով. «Սա մե՛ր երկիրն է, գնացե՛ք մեր երկրից»:
Նրանցից մեկը արցունքաբեր գազ է փչել, ապա երկուսով փախուստի են դիմել։ Ոստիկանները հայտնաբերել են հրեա ծայրահեղականներին ու ձերբակալել նրանց: Դեպքից մեկ ժամ անց հրեա ծայրահեղականների մի ուրիշ խումբ փորձել է մագլցելով բարձրանալ Հայոց պատրիարքարանի տանիք եւ հանել պատրիարքարանի խաչակիր ու Հայաստանի դրոշները: