Ռուսաստանը ներկայացնող թենիսիստ Կարեն Խաչանովը Կալիֆոռնիա նահանգի Բըրբանք քաղաքում մարտի 18-ին մասնակցել է բարեգործական ակցիայի եւ ցուցադրական հանդիպում անցկացրել` հաջակցություն Արցախի։ Հայ մարմնակրթական ընդհանուր միության (ՀՄԸՄ) Գլենդելի Արարատ մասնաճյուղի մամուլի ծառայությունից հայտնել են, որ աշխարհահռչակ թենիսիստ Կարեն Խաչանովի հայտնվելը անջնջելի տպավորություն է թողել բոլոր նրանց վրա, ում բախտ է վիճակվել տեսնել նրան գործողության մեջ։
Դեռ հունվարին` «Australian Open»–ում 1/16-րդ փուլ դուրս գալիս, ինչպես նաեւ 1/8-րդի ժամանակ ճապոնացի թենիսիստ Յոսիխիտո Նիսիոկոյին հաղթելուց հետո Կարեն Խաչանովը տեսախցիկի վրա գրել էր «Պի՛նդ կաց, Արցա՛խ»։
Ադրբեջանի թենիսի ֆեդերացիան հայրական կողմից հայկական արմատներ ունեցող Խաչանովի գործողությունն անվանել է սադրանք եւ բողոք է ուղարկել Թենիսի միջազգային ֆեդերացիա` պահանջելով պատժել նրան։