Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը ԱԺ-ում հայտարարել է, որ ՀՀ արտգործնախարարությունն աշխատում է Լաչինի միջանցքն արգելափակելու վերաբերյալ Արդարադատության միջազգային դատարանի որոշումն Ադրբեջանի կողմից չկատարելու հարցը ՄԱԿ Անվտանգության խորհրդում բարձրացնելու ուղղությամբ։ Կիրակոսյանն ընդգծել է, որ Լաչինի միջանցքի ապաշրջափակման վերաբերյալ Արդարդատության միջազգային դատարանի որոշումն իրավաբանորեն պարտադիր ուժ ունի՝ ըստ ՄԱԿ-ի եւ դատարանի կանոնադրության եւ Ադրբեջանի կողմից ենթակա է պարտադիր կատարման:
Կիրակոսյանը ընդգծել է, որ ՄԱԿ-ի կանոնադրության 94-րդ հոդվածը վճիռներին վերաբերող որոշակի նեղ ձեւակերպում է հուշում, սակայն հոդվածի կիրառման պրակտիկան փոքր-ինչ լայն է: Նա նշել է, որ եղել են փորձեր՝ դատարանի միջանկյալ որոշումները կամ ժամանակավոր միջոց կիրառելու որոշումները ներկայացնել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, սակայն դրանք առանձնապես հաջողությամբ չեն պսակվել: Դեպքերը վերաբերել են մշտական անդամին, մշտական անդամն էլ, որպես կանոն, կիրառել է վետոյի իրավունքը, եւ ԱԽ-ում հարցը վեջնական քննարկման չի արժանացել:
Միջազգային իրավական հարցերով ՀՀ ներկայացուցիչը նշել է, որ Հայաստանն առնվազն 2 տրամաբանությամբ հարցը ՄԱԿ-ի ԱԽ-ում բարձրացնելու հնարավորություն ունի։ Առաջինը ֆորմալ տեսանկյուն է. կա կանոնադրության 94-րդ հոդվածը, որը նման լիազորություն է ընձեռում ԱԽ-ին: Երկրորդ տրամաբանությունը ՄԱԿ-ի կանոնադրության 7-րդ գլուխն է՝ միջազգային խաղաղության եւ անվտանգության ապահովման լիազորությամբ օժտված լինելը: