Ըստ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի տարեկան ամփոփիչ զեկույցի՝ 2022-ին կոմիտեն ավելի քան 1550 բանավոր, տեսաձայնային եւ գրավոր հաղորդագրություններ է փոխանցել արցախյան եւ հայ-ադրբեջանական հակամարտությունների առնչությամբ ազատազրկվածների ընտանիքներին։ ԿԽՄԿ-ն կանոնավոր կերպով այցելում է ազատազրկված անձանց՝ նպաստելով հարազատների հետ նրանց կապի հաստատմանը եւ պահպանմանը։
Կարմիր խաչի ներկայացուցիչները շարունակել են այցելել 2020 եւ 2021 թվականների հակամարտության սրացումների առնչությամբ ազատազրկված այն անձանց, որոնց ազատազրկման փաստը հաստատել են համապատասխան իշխանությունները։ Այցելությունների ընթացքում ԿԽՄԿ-ն մշտադիտարկել է նրանց հանդեպ վերաբերմունքն ու ազատազրկման պայմանները, նպաստել ընտանիքների հետ կապի վերահաստատմանը։ «Իշխանությունների համաձայնությամբ՝ ազատազրկված անձանց կապն ընտանիքների հետ պահպանվել է Կարմիր խաչի նամակների, հեռախոսազանգերի, բանավոր եւ տեսաձայնագրված հաղորդագրությունների միջոցով»,- ասված է զեկույցում։
Զեկույցում նշվում է նաեւ, որ կապն ընտանիքների հետ մեծ հուզական աջակցություն է ազատազրկվածների ու նրանց ընտանիքների համար, հաճախ նաեւ միակ ապացույցը, որ իրենց հարազատը ողջ է։ Անհայտ կորած անձանց ընտանիքները 2022-ին ավելի քան 6000 զանգ եւ այց են կատարել ԿԽՄԿ-ի Երեւանի գրասենյակ: 62 ընտանիք դիմել է ԿԽՄԿ-ին իրենց անհայտ կորած հարազատների ճակատագիրը պարզելու խնդրանքով եւ բացել որոնման հայտեր։ 63 ընտանիք պարզել է հարազատների ճակատագրերը։ Բացի դրանից՝ հակամարտության 2020, 2021 թվականների եւ 2022-ի սեպտեմբերի սրացումների հետեւանքով Հայաստանից 309 անձ դեռեւս անհայտ կորած է համարվում։ ԿԽՄԿ–ի` 2022-ի օգոստոսին ներկայացրած տվյալներով՝ 44-օրյա պատերազմի հետեւանքով Հայաստանից անհայտ կորած էր համարվում 303 անձ: