2020 թվականի պատերազմի եւ Արցախի տարածքների բռնազավթման հետեւանքով բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանող ՀԿ-ների ղեկավարները, մասնավորապես, Մարգարիտա Քարամյանը («Վերադարձ դեպի Դիզակ») , Լեւոն Հայրիյանը («Հանուն Հադրութի»), Դավիթ Եղիազարյանը («Վերադարձ դեպի Քարվաճառ»), Մարիամ Ավագյանը («Կռունկ» արցախահայության խնդիրներով զբաղվող ՀԿ), Կարինե Մովսիսյանը («Վերադարձ դեպի Քաշաթաղ»), Վասպուրակ Կարապետյանը («Շուշիի դեօկուպացիա»), Ջուլիետտա Առուստամյանը («Հարմոնիա» Շուշիի կանանց ՀԿ) հայտարարություն են տարածել, որում վրդովմունք են հայտնել Արցախի տեղահանված բնակիչների անունից Ադրբեջանի նախագահ Ալիեւին դիմած եւ իրենց անվտանգ եւ արժանապատիվ վերադարձը պատմական հայրենիք ապահովելու մասին լրատվամիջոցներում մարտի 20-ին տարածված հայտարարության կապակցությամբ։
Ներկայացնելով իրենց դիրքորոշումը՝ հայտարարության հեղինակներն ընդգծել են, որ «բռնի տեղահանված անձանց ստեղծած, նրանց շահերը ներկայացնող, իրավունքների պաշտպանությամբ զբաղվող եւ նրանց անունից հանդես եկող եւ 2,5 տարի նման խնդիրներով զբաղվող կազմակերպությունները» չեն լիազորել մարտի 20-ի հայտարարության հեղինակ ՀԿ-ներին հանդես գալու Հադրութի շրջանի, Շուշիի, Քաշաթաղի, Քարվաճառի տեղահանված բնակիչների անունից, առավել եւս, նրանց անունից դիմելու Ադրբեջանի ղեկավարին։ «Բռնի տեղահանված բնակիչները պայքարում են իրենց հայրենի բնակավայրերը վերադառնալու համար, սակայն երբեւիցե չեն դիմի բռնապետ Ալիեւին եւ ռազմական հանցագործությունների համար մեղադրվող եւ Հաագայի դատարանի կողմից կալանավորման ենթակա Ռուսաստանի նախագահին։ Մենք այսուհետ էլ կպայքարենք մեր բոլոր իրավունքների համար, սակայն հստակ ձեւակերպած միջազգային մեխանիզմների շրջանակներում, որոնց հիմքում դրված է Արցախի Հանրապետության բնակչության ինքնորոշման իրավունքն ու դրանից բխող բոլոր երաշխիքները»,- ասված է հայտարարության մեջ։
Արցախի իրենց գործընկերների դիրքորոշումն անվանելով «ոչ կոմպետենտ» եւ խիստ դատապարտելով «ուրիշների փոխարեն որոշումներ ընդունելու» նրանց իրավունքը՝ Արցախի բռնի տեղահանված բնակիչների իրավունքները պաշտպանող ՀԿ-ները պահանջում են հետ վերցնել նշված հայտարարությունը կամ տարածել այն որպես սեփական որոշում ու տեսակետ՝ զերծ մնալով բռնի տեղահանված բնակչության շահերը պաշտպանող ՀԿ-ների անունից հանդես գալուց։ «Կոչ ենք անում Արցախի Հանրապետության ԱԳՆ-ին չշահարկել մեր իրավունքներն ու զերծ մնալ նմանատիպ վտանգավոր ու արկածախնդիր նախաձեռնություններից, որոնք անդառնալի վնաս են հասցնում մեր երկրին եւ լրացուցիչ սպառնալիքներ ստեղծում շրջափակման մեջ գտնվող մեր հայրենակիցների համար»,- ասված է հայտարարության մեջ։