«Արմենիա» ավիաընկերության մամուլի ծառայությունից հայտնել են, որ ավիաընկերությունը պաշտոնապես վերանվանվել է «Էյր Դիլիջանս»։ «Մարտի 21-ի առավոտյան 10:10-ին կատարվել է «Էյր Դիլիջանս» ավիաընկերության առաջին չվերթը Երեւան-Մոսկվա-Երեւան երթուղով։
Ավիաընկերությունից հայտնել են, որ վերանվանման պատճառը Հայաստանում ոչ վաղ անցյալում բացված մի շարք համանուն ավիաընկերություններն են։ Միեւնույն ժամանակ չվերթեր են բացվել «Արմենիա» ավիաընկերության կատարած թռիչքների նույն ուղղություններով: «Բրենդի նմանության չարաշահումը մոլորության մեջ է գցել մեր ուղեւորներին, ինչը բացասական ազդեցություն է ունեցել ավիաընկերության համբավի վրա»,– նշված է հաղորդագրության մեջ: Ավիաընկերության հիմնադիրների խորհրդի հերթական նիստի օրակարգում եղել է այլընտրանք` կա՛մ գործունեության դադարեցում, կա՛մ ընկերության անվանափոխություն: Ընտրել են երկրորդ տարբերակը։
2015-ի դեկտեմբերին ստեղծված եւ 2016-ի հունիսին առաջին չվերթը կատարած արդեն նախկին «Արմենիա» ավիաընկերությունը կատարել է կանոնավոր չվերթեր դեպի Լիոն, Թել Ավիվ, Բեյրութ, Մոսկվա, Վորոնեժ, Միներալնիե Վոդի: Ավիաընկերությունը կատարել է նաեւ չարտերային թռիչքներ դեպի Բարսելոնա, Վենետիկ, Լառնակա, Հերակլիոն, Ռոդոս, Սալոնիկ, Թեհրան, Բաղդադ, Էրբիլ: Ներկայում Հայաստանում գործում է հինգ ավիաընկերություն՝ «Armenia» (2015), «Armenia Airways» (2018), «FlyOne Armenia» (2019), «Fly Arna» (2022), «Armenian Airlines» (2022):