Նախկիններ-ներկաներ կռիվը շարունակվում է։ Չի էլ ավարտվելու, որովհետեւ այն ե՛ւ նախկիններին, ե՛ւ ներկաներին լինելու-ապրելու-մնալու հնարավորություն է տալիս։
Հազար անգամ ենք տեսել նրանց բանավեճը, նրանց բանավեճի մակարդակի մասին հազար անգամ հազար մարդ է գրել ու խոսել, հազար անգամ է երկուսին էլ ասվել, որ նրանք մարդկային իրենց որակներն ի ցույց դնելով ապացուցում են, որ զուրկ են պետական գործչի որակներից, որ երկուսն էլ «խայտառակում են ռեսպուբլիկան»՝ մեր երկրի վարկն են գցում։
Սերժ Սարգսյանը հայտարարեց, թե պատերազմի ժամանակ բանակի զինանոցում եղած ոչ բոլոր զինատեսակներն են օգտագործվել՝ ակնարկելով, որ ներկաները դավադիր են ու դավաճան, հատուկ այնպես են արել, որ երկիրը պարտվի։
Համարժեք պատասխանը, ինչպես լեզվակռվի կանոններն են թելադրում, չուշացավ։ Փաշինյանն իր ասուլիսում խայթեց, թե դառնացնում է իրեն, որ այդ լրջության մարդը Հայաստան է ղեկավարել, եւ պատմելուց հետո, որ եղած բոլոր զինատեսակներն էլ օգտագործվել են, հնչեցրեց պատերազմում մեր պարտության իր տարբերակը․ «Իմ համոզմունքն այն է, որ պատերազմը պարտվել ենք այն պատճառով, որ բանակում գործել է 5-րդ շարասյուն»։
Սա ոչ թե ինքն իրեն վերլուծաբան հռչակած մեկն է ասում, ոչ թե դատարկաբան պատգամավորը, ֆեյսբուքյան ակտիվիստը կամ բակի զրուցարանում թղթախաղի մասնակիցն է ասում, այլ բանակի գլխավոր գերագույնը, թե՞ գերագույն գլխավորը, մի խոսքով՝ երկրի վարչապետը։ Ասում է նա, ով այնքան պաթետիկ հպարտանում էր բանակով, համոզում էր մեզ, թե անպարտ է այն ու նորանոր հաղթանակների պատրաստ։
Հիշենք թեկուզ 2020-ի հուլիսին սահմանային բախումը Տավուշում, որն աներեւակայելի շուքով, որպես հաղթական ճակատամարտ, նշեցին Սարդարապատի հուշահամալիրում։ Իրեն արդեն մեծ զորավար երեւակայող Փաշինյանը, աջ ու ձախ կոչումներ ու պարգեւներ շաղ տալով, 2020-ի օգոստոսի 28-ին՝ պատերազմից մեկ ամիս առաջ, հայտարարում էր, թե «հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ ․․․․ ռազմաքաղաքական իրավիճակի եւ ուժերի հարաբերակցության մեր գնահատականները սթափ են եւ ճշգրիտ»։ Իսկ պատերազմից ընդամենը երկու օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, ոգեւորված կրկնում էր․ «Մենք ամենասկզբից ենք ասել, որ Հայաստանի հետ պետք չէ ուժի եւ սպառնալիքի լեզվով խոսել: ․․․ Եվ շատերին թվում էր, թե սա ընդամենը հռետորաբանություն է, բայց հուլիսյան դեպքերը ցույց տվեցին, որ այն, ինչ մենք ասում ենք, 100 տոկոսով համապատասխանում է իրականությանը»:
Անգամ պատերազմի օրերին, երբ 40 օր շարունակ խաբում էր հանրությանը, թե հաղթում ենք, երբ խաբում էր ինքն իրեն, թե մեկ վճռական ճակատամարտով, մեկ ցատկով կփոխի դրությունը եւ հաղթանակ կապահովի՝ բանակն իրենն էր, գերագույն գլխավորն էլ ինքն էր։ Նահանջող բանակի հրամանատարներին կոչումներ ու պարգեւներ էր շռայլում, որոնց հետո պետք է կալանավորեր։ Որոնցից հետո պետք է ձերբազատվեր։ Որոնց հետո 5-րդ շարասյուն պետք է հռչակեր։
Ե՛վ նախկինները, ե՛ւ ներկաները դավաճաններ են որոնում, դավաճաններ են մատնացույց անում, որովհետեւ իրենց պատասխանատվությունը չեն ցանկանում ընդունել։ Չեն ցանկանում ընդունել, որ տարիներ շարունակ, մինչեւ 2018 ու դրանից էլ հետո, խաբել են իրենք իրենց ու հանրությանը, թե հզոր է մեր բանակն ու անպարտ։ Չեն էլ ցանկացել իմանալ, թե ինչպիսի բանակ ունենք իրականում։ Չեն էլ հետեւել, թե ինչպիսի բանակ է կառուցում հակառակորդը։ Չեն էլ հետեւել, թե ինչպիսի բանակ պետք է լինի 21-րդ դարում։ Նախկինները հարստացել ու բարգավաճել են բանակի հաշվին, ներկաները բանակը որպես ամբոխահաճո քարոզչության միջոց են դիտարկել։ Չեն ցանկանում ընդունել, որ իրենց անկարողության, մեծախոսության ու անգործության պատճառով, որքան էլ բանակը լիներ քաջ, դիմակայել չէր կարողանալու։
Փաշինյանը, բայց, հայտարարելով, թե 5-րդ շարասյան պատճառով ենք պարտվել, շատ ավելի հեռուն է գնում։ Այստեղ նա, իրոք, աննախադեպ է։
Ինչ խոսք, դավաճաններ ու մատնիչներ եղել են։ Դրանք կան միշտ եւ ամենուր։ Մենք բացառություն լինել չէինք կարող։ Բայց վարչապետի մակարդակով համոզմունք հայտնել, թե պատերազմը պարտվել ենք նրանց պատճառով, թե նրանք այնքան շատ են եղել, որ վճռական ազդեցություն են ունեցել բանակի գործողությունների ու պատերազմի ընթացքի վրա, նշանակում է կասկածի տակ առնել բանակը։ Այն բանակը, որն այդքան զոհեր տվեց, որ երեկ կռվում էր անձնազոհ, որ այսօր կանգնած է սահմանին։
Հաջողության դեպքում, ստացվում է, տեր է ու տիրական, գերագույն գլխավոր է, ու իրենն են դափնիները, իսկ անհաջողության դեպքում 5-րդ շարասյուն է, նախկինների ժառանգություն ու դավաճանների հավաքածու։
Այսպիսին չի՛ լինում, այսպիսին չպե՛տք է լինի Գերագույն գլխավոր հրամանատարը։
Իրավապաշտպան, հասարակական գործիչ` խորհրդային այլախոհի տպավորիչ կենսագրությամբ։ 2004-ին ստեղծել է «Իրավունքի եւ ազատության կենտրոնը», որի հիմնադիր ղեկավարն է։ Հրապարակել է հայ այլախոհության պատմությունը ներկայացնող երկու գիրք՝ «Այլախոհությունը խորհրդային Հայաստանում» եւ «Քաղբանտարկյալի պատմություն»։