ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ԱՄՆ Կոնգրեսի Սենատի արտաքին գործերի կոմիտեի լսումների ժամանակ հույս է հայտնել, որ Ադրբեջանն ու Հայաստանը շուտով հավանաբար խաղաղ պայմանավորվածություններ ձեռք կբերեն: Ըստ ԱՄՆ արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի՝ ներկայում խաղաղության համաձայնագրի նախապատրաստումն ավարտին հասցնելու բարենպաստ պայմաններ է ստեղծվել։ «Ես Մյունխենում այս տարվա սկզբին անվտանգության հարցերով խորհրդաժողովում հանդիպել եմ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Հայաստանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Մենք աշխատել ենք տեքստի վրա»,- մեկնաբանելով Բաքվի եւ Երեւանի միջեւ կարգավորմանը նպաստելու Վաշինգտոնի փորձերը՝ նշել է ԱՄՆ պետքարտուղարը։
Ըստ Բլինքենի՝ ինքն ակտիվորեն զբաղվում է Ադրբեջանի եւ Հայաստանի միջեւ կարգավորման հարցով՝ աջակցելով, որ կողմերը հասնեն խաղաղության համաձայնագրի, որը կկարգավորի Բաքվի եւ Երեւանի հարաբերությունները: Նա նշել է, որ համաձայնագիրը կընդգրկի նաեւ Լեռնային Ղարաբաղում էթնիկ հայերի իրավունքներն ու պաշտպանությունը, սահմանազատումը եւ այլ հարցեր: «Դա Հայաստանին չենք պարտադրում։ Մենք պատասխանում ենք Հայաստանի արտահայտած ուժեղ ցանկությանը, որը ձգտում էր տեսնելու՝ արդյոք կարող ենք օգնել հասնելու համաձայնության, որը գոնե շատ առումներով վերջ կդներ ավելի քան 30 տարի տեւողությամբ հակամարտությանը»,- հայտարարել է պետքարտուղարը։
Բլինքենը հիշատակել է նաեւ Լաչինի միջանցքի իրական խնդիրները։ «Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, այդ թվում՝ այս շաբաթ, որպեսզի այդ միջանցքը կրկին բացվի։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է ԱՄՆ դիվանագիտության ղեկավարը։ Նա հավելել է, որ այժմ բարենպաստ հանգամանքներ կան, որոնք խորապես կհամապատասխանեն Հայաստանի, ինչպես նաեւ Ադրբեջանի շահերին։