Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը հերթական անհեթեթ որոշումն է կայացրել՝ մարդու իրավունքների պաշտպանի թեկնածու առաջադրելով գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանին (իհարկե, առաջադրելը պայմանական է, որովհետեւ բոլորին էլ հայտնի է, թե ով է նախապես հավանություն տվել այդ թեկնածությանը)։
Ինչո՞ւ եմ այդ որոշումը որակում անհեթեթ։
Նախ՝ Անահիտ Մանասյանի կենսագրության ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ նա, համենայն դեպս մի կարեւոր չափանիշով, չի համապատասխանում մարդու իրավունքների պաշտպանին ներկայացվող պահանջներին։ ՀՀ Սահմանադրության 192-րդ եւ «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ սահմանադրական օրենքի 12-րդ հոդվածները, այլ պահանջների թվում, սահմանում են, որ թեկնածուն պիտի լինի «հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող» անձ։
Ես գիտեմ եւ բազմիցս ասել եմ, որ այս պահանջն, իհարկե, լոզունգային է եւ անչափելի։ Սակայն եթե կարկառուն սահմանադրագետները գրել են, ապա ինչ-որ չափանիշ երեւի նկատի են ունեցել։
Արդ, հարց տամ տիկին Մանասյանի թեկնածությունն առաջարկողներին՝ ե՞րբ, որտե՞ղ եւ ո՞ր «հասարակության մեջ» է նա ձեռք բերել «բարձր հեղինակությունը»։
Նրա կենսագրությունից չի երեւում, թե երբեւէ զբաղվել է իրավունքների պաշտպանության հարցերով, ավելին՝ նման հրապարակային գործունեություն որեւէ մեկը չի կարող մատնանշել, եւ համացանցում մեր փնտրտուքն էլ արդյունք չտվեց։
Այսինքն՝ մարդու իրավունքների պաշտպան կնշանակվի (չասեք՝ կընտրվի, դա ընդամենը ձեւական գործընթաց է լինելու) մեկը, որը մինչ այս որեւէ հրապարակային գործունեություն, այն էլ իրավապաշտպանության ոլորտում, չի ծավալել, եւ, բնականաբար, չի կարող «հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող» անձ լինել։
Սակայն եթե տիկինը համաձայնել է իր թեկնածությանը, նշանակում է՝ ինքն էլ համարում է, թե «հասարակության մեջ բարձր հեղինակություն վայելող» անձ է։ Համեստության տիպար է, ինչ խոսք։
Երկրորդ, որ ամենախնդրահարույցն է. մարդու իրավունքների պաշտպան է նշանակվում գլխավոր դատախազի տեղակալը։ Այսինքն՝ մի համակարգի ներկայացուցիչ, որի գործառույթներից են քրեական հետապնդում հարուցելը, դատարաններում մեղադրանք պաշտպանելը եւ այլն։
Ամբողջ աշխարհում մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ բողոքների մեծ մասը հենց իրավապահ համակարգի դեմ է լինում։ Ինչպե՞ս կարող է մարդը անաչառ լինել դատախազության եւ մյուս իրավապահ մարմինների դեմ բողոքները քննելիս։
Իսկ եթե հավատանք այն հրապարակումներին, թե թեկնածուն ընկերական հարաբերություններ ունի գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանի հետ, ապա կողմնակալ լինելու կասկածներն էլ ավելի կխորանան։ Եթե Մանասյանն անգամ ամեն օր «երդում ուտի», «պապայի արեւ՝ անկողմնակալ եմ» ասի, միեւնույնն է, հասարակության մեջ միշտ լինելու է կասկածը, որ դատախազության համակարգից եկած անձնավորությունը չի կարող լինել անաչառ եւ անկողմնակալ։ Որովհետեւ շահերի նման բախում առաջանալու դեպքում միշտ կասկած է լինելու, որ նա առավելությունը տալու է ընկերական հարաբերությունները չփչացնելու շահին։ Համենայն դեպս, նման տպավորությունից խուսափել հնարավոր չի լինելու։ Եթե, իհարկե, այնքան պարկեշտություն չունենա, որ դատախազության դեմ բողոքի դեպքում հրաժարվի որեւէ կերպ միջամտելու դրա քննությանը՝ մատնանշելով հենց շահերի բախումը։
Շատ իդեալիստ կլինեմ, եթե հավատամ այս վերջին սցենարին։
Հարկ է փաստել նաեւ, որ տիկին Մանասյանը չբռնեց անգամ առաջին քննությունը։ Ազգային ժողովում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության հետ հանդիպումից անմիջապես հետո նա բառի բուն իմաստով փախավ՝ չցանկանալով հանդիպել լրագրողների հետ ու պատասխանել նրանց հարցերին։ Ի դեպ, նման վարվելակերպ նա ցույց էր տվել նաեւ այս տարվա փետրվարի 2-ին, երբ Ազգային ժողովի պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստից հետո դարձյալ փախել էր լրագրողներից։
Մարդու իրավունքների ապագա պաշտպանին ուզում եմ հիշեցնել «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» սահմանադրական օրենքի 3-րդ՝ «Պաշտպանի գործունեության սկզբունքները» հոդվածը.
«Պաշտպանն իր գործունեությունն իրականացնելիս ղեկավարվում է իրավահավասարության, անկողմնակալության, ՀՐԱՊԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ, ԹԱՓԱՆՑԻԿՈՒԹՅԱՆ (ընդգծումներն իմն են – Մ. Հ.) և Սահմանադրությամբ ամրագրված այլ սկզբունքներով»։
Եթե դեռ պաշտպան չդարձած է խուսափում հրապարակայնությունից եւ թափանցիկությունից, ապա իրավունք ունե՞նք ենթադրելու, որ նշանակվելուց հետո լուռումունջ եւ գլուխը կախ էլ ծառայելու է իշխանությանը։
Իհարկե՝ ունենք։
Դե, ես էլ ենթադրում եմ, որ հենց այդպես էլ լինելու է։
Լրագրող, խմբագիր, փորձագետ, լրագրության ուսուցիչ։ Նրա կենսագրությունը սկսվել է նախորդ դարի 80-ականներին Հայաստանի Մեղրու շրջանի «Արաքս» թերթից ու շարունակվել մեդիայի կայացման խառնարանում։ Հեղինակ է պատմվածքների ու վեպերի հինգ գրքի եւ լրագրողական էթիկայի ուսումնական ձեռնարկի։