Ըստ իրանական լրատվամիջոցների՝ Իրանի Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ Սարդար Մոհամմադ Պակպուրը մարտի 23-ի երեկոյան այցելել է Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանակից շրջաններում իրանական ստորաբաժանումների տեղակայման վայրեր:
Գեներալը շփվել է զինծառայողների հետ, գնահատել նրանց մարտական պատրաստության մակարդակը, զգոնությունն ու բարոյահոգեբանական վիճակը: Պակպուրը ներկա է եղել նաեւ ցերեկային եւ գիշերային ժամերին անցկացված մարտավարական պարապմունքներին։ «Անվտանգության հարցը պայմանավորված չէ ցուրտ, շոգ, տոնական կամ աշխատանքային օրերով։ Պետք է առավելագույնս զգոն եւ պատրաստված լինենք։ Միշտ ուշադիր եղեք այս հարցում»,- դիմելով զորքին՝ ասել է կորպուսի հրամանատարը։