Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հայտարարության համաձայն՝ Եվրամիությունը նախատեսում է անցկացնել կոնֆերանս Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների հայրենադարձման նախաձեռնության շրջանակում։ Ըստ ԵՀ նախագահի՝ հայտնի է, որ Ուկրաինայից Ռուսաստան տեղափոխվել է 16200 երեխա, որոնցից վերադարձել է 300-ը։
Ֆոն դեր Լայենը նշել է, որ տեղի ունեցողը ռազմական հանցագործություն է եւ լիովին արդարացնում է Ռուսաստանի նախագահին ձերբակալելու մասին Միջազգային քրեական դատարանի տված սանկցան։ Նա նաեւ ասել է, որ Եվրամիությունը ձգտում է մեկտեղելու ջանքերը եւ ավելացնելու ճնշումը Ռուսաստանի նկատմամբ՝ պարզելու համար, թե որտեղ են Ուկրաինայից Ռուսաստան տեղափոխված երեխաները։ Նշված երեխաների մեջ կան նաեւ այնպիսիք, որոնք արդեն որդեգրվել են ռուս ընտանիքների կողմից։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Եվրահանձնաժողովն ու Լեհաստանը սկսում են նախաձեռնություն Ռուսաստան տարված ուկրաինացի երեխաների որոնումների առնչությամբ։ Նախաձեռնությանը, ըստ Եվրահանձնաժողովի խոսնակ Դանա Սպինանտի, աջակցելու են նաեւ ՄԱԿ-ի համապատասխան գործակալությունները։