Մարտի 23-ին՝ Հովհաննես Թումանյանի մահվան 100-րդ տարելիցի օրը, Դսեղի նրա տուն-թանգարանը սակավամարդ էր։ Պետական մակարդակով որեւէ միջոցառում չէր կազմակերպվել։ Ավելին՝ բանաստեղծի ծննդավայր չէր եկել կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարության որեւէ պաշտոնյա։
Մինչդեռ փետրվարի 19-ին՝ Թումանյանի ծննդյան օրը, Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն Վահագն Սարգսյանը Դսեղում ասել էր, որ մարտի 23-ին թե՛ Դսեղում և թե՛ Խոջիվանքում հիշատակի միջոցառումներ են անցկացվելու։
Բանաստեղծի հիշատակի 100-րդ տարելիցը նշանավորվեց Դսեղի միջնակարգ դպրոցի աշակերտների ելույթով միայն․ նրանք ներկայացրին Թումանյանի կյանքի վերջին օրերը։ Ապա Դսեղի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հոգեւոր հովիվ տեր Գրիգորիս քահանա Դերմենջյանը հոգեհանգստյան կարգ կատարեց։
Ներկա էին Լոռու մարզպետի խորհրդականը, մարզպետարանի կրթության եւ մշակույթի ոլորտի պատասխանատուներ, այլ ներկայացուցիչներ, մանկավարժներ, դսեղցիներ։
Պատմության եւ աշխարհագրության ուսուցիչ Էդուարդ Շահվերդյանն ամոթալի է համարում անտարբերությունն ու բանաստեղծի հիշատակի օրը չնշանավորելու իրողությունը։
«Սա տուրք չէ մեծ բանաստեղծին, որովհետեւ մատների վրա հաշված մարդիկ կան այստեղ։ Սա պատահական օր չէ, այլ մահվան 100-րդ տարելից. թասիբի հարց է։ Բայց գլխավորն այն է, որ չգա մի պահ, երբ մենք Թումանյան կարդանք՝ չհասկանալով»,- ցավով նշում է երկարամյա մանկավարժն ու մեջբերում որոշ արտահայտություններ, բառեր (հարսի փարդի քամակից, կոխի եղանակ, ճոն եւ այլն), որոնց նշանակությունն այսօրվա սերունդը, նույնիսկ լոռեցիները չեն հասկանում։
Էդուարդ Շահվերդյանը Թումանյանի Դսեղի թանգարանին երեք գիրք նվիրեց, որոնցից երկուսը հրատարակվել են Մոսկվայում եւ Լենինգրադում՝ մեծ լոռեցու 100-ամյակի առթիվ, երրորդը՝ կրկին Մոսկվայում, 1988-ին։ Գրքերը նա գնել է հնագրավաճառներից։
«Երեք թումանյաններն արժեքավոր են նրանով, որ ոչ թե Հայաստանում ռուսերեն տպագրություն են, այլ նրանով, որ հենց Ռուսաստանում են տպագրվել։ Եվ դրանց տեղը թանգարանի ֆոնդում է»,- ասում է Շահվերդյանը։
Մասնագիտությամբ լրագրող եմ։ 15-ամյա աշխատանքային գործունեությանս մեծ մասն անցել է հեռուստատեսության ոլորտում՝ Ալավերդու «Անկյուն+3» հեռուստաընկերությունում։