Ըստ թուրքական Hürriyet պարբերականի՝ Թուրքիայում աշխատանքներ են ընթանում փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո աղբ ու փլատակների մնացորդներ հեռացնելու ուղղությամբ։ Թուրքիայի շրջակա միջավայրի, քաղաքաշինության եւ կլիմայի փոփոխության նախարարությունից հայտնել են, որ փետրվարի 6-ի երկրաշարժերից հետո մնացած աղբի ու փլատակների բեկորները 101 միլիոն տոննա են, ծավալը՝ մոտ 46 միլիոն խորանարդ մետր: Միայն հարավային Հաթայ նահանգում կհեռացվի ավելի քան 16 միլիոն տոննա աղբ։ Ենթադրվում է, որ առնվազն 2,5 միլիոն տոննա աղբ ու բեկորներ կուղարկվեն վերամշակման: Իշխանությունները տեղեկացրել են նաեւ, որ խիստ վնասված եւ ավերված տների բնակիչներին արժեքավոր իրերը կվերադարձվեն։ Դրանք փլատակների տակից կհանվեն եւ կհանձնվեն տերերին։
Թուրքիայում արհավիրքից տուժած շրջաններում ապրում էր 11 միլիոն մարդ, նրանցից 2,5 միլիոնը տարհանվել է։ Փլատակների տակից հայտնաբերվել է ավելի քան 50 հազար մարդու մարմին։ Թուրքիայի շրջակա միջավայրի, ուրբանիզացիայի եւ կլիմայի փոփոխության նախարար Մուրատ Կուրումն ավելի վաղ հայտարարել է, որ ստուգված 387 հազար 346 շենքերի մեջ հայտնաբերվել է 50 հազար 576 շենք, որ պետք է շտապ քանդել։ Կուրումը հավելել է, որ 279 հազար 655 շենք աննշան է վնասվել կամ ընդհանրապես չի վնասվել։