ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղար Անդերս Ֆոգ Ռասմուսենը ֆրանսիական Le Figaro-ին տված հարցազրույցում հայտարարել է, որ առաջիկա ամիսներին Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բաց պատերազմի վտանգն իրական է եւ թերագնահատված։ Նա հավելել է, որ ԼՂ-ն Հայաստանին կապող միայն մեկ ճանապարհի արգելափակման եւ դրանից բխող հումանիտար աղետի վերջնական նպատակը կարող է լինել էթնիկ զտումը։ Ռասմուսենը նշել է, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը չի պատասխանել արգելափակումը դադարեցնելու իր ուղերձին։
ԵՄ-ն պետք է հասկացնի Ալիեւի ռեժիմին, որ նրա խախտումները չեն կարող անպատիժ մնալ
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը նշել է, որ ԵԽ-ի եւ Ադրբեջանի միջեւ էներգետիկ համաձայնագիրը կարող է դառնալ հրաշալի հիմք Ադրբեջանի նախագահի վրա ճնշումներ գործադրելու համար։ «Կարեւոր է Բաքվին ասելը, որ մեր էներգետիկ շահը մեզ չի ստիպելու հայացքը մի կողմ թեքել պոտենցիալ հումանիտար աղետից»,- նշել է Ռասմուսենը։ Նրա համոզմամբ՝ Ալիեւը, որը Վլադիմիր Պուտինի պես ավտոկրատ է, այդուհանդերձ մանրամասնորեն հաշվարկում է սահմանները, որոնք չի կարելի անցնել՝ խախտելով միջազգային իրավունքը։ Ըստ Ռասմուսենի՝ Ալիեւը գիտակցում է՝ շահեկան չի լինի, եթե իրեն միջազգայնորեն մեկուսացնեն, ինչպես իր ռուս գործընկերոջը, որովհետեւ ԼՂ շրջափակումն օրենքի խախտում է։ «ԵՄ-ն պետք է հասկացնի Ալիեւի ռեժիմին, որ այս խախտումները չեն կարող անպատիժ մնալ»,- շեշտել է ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարը։
Մոսկվան, բացի նրանից, որ ցանկություն չունի օգնելու իր պատմական դաշնակցին, նաեւ հնարավորություն չունի
Ռասմուսենը հավելել է, որ արգելափակման վայրին մոտ գտնվող ՌԴ խաղաղապահ զորակազմը ոչինչ չի անում այս իրավիճակը կանխելու համար։ «Հնարավոր է՝ Մոսկվան, բացի նրանից, որ ցանկություն չունի օգնելու իր պատմական դաշնակցին, նաեւ հնարավորություն չունի դրա համար, քանի որ ամբողջությամբ կենտրոնացած է ուկրաինական ճակատի վրա»,- ասել է նա՝ հավելելով, որ Կովկասում ՌԴ ազդեցությունը թուլանում է։ Միեւնույն ժամանակ, Ըստ Ռասմուսենի, ՌԴ-ի պասիվությունը կարող է նշանակել ոչ ֆորմալ դաշինք Ռուսաստանի եւ Ադրբեջանի, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ։
ԵՄ դիտորդների նպատակը պետք է լինի միջնաժամկետ հեռանկարում կանխել սպառնալիքը
ՆԱՏՕ-ի նախկին գլխավոր քարտուղարի խորին համոզմամբ՝ Եվրոպայի դարպասների մոտ նոր հակամարտությունը չի կարող իրենց համար ձեռնտու լինել։ Ըստ նրա՝ առաջին հերթին դա կարող է սպառնալիքի տակ դնել էներգամատակարարումները դեպի Եվրոպա, ուստի ԵՄ-ն պետք է զբաղվի Հարավային Կովկասով, քանի որ Հայաստան դիտորդական առաքելություն ուղարկելով հասկացել է՝ ինչ է դրված խաղասեղանին։ Ռասմուսենը շեշտել է, որ ԵՄ դիտորդների նպատակը պետք է լինի միջնաժամկետ հեռանկարում կանխել սպառնալիքը, որովհետեւ Ադրբեջանը չի համարձակվի հարձակվել, քանի դեռ կան եվրոպական դիտորդները։