ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում հաստատվել է Արցախի տեղեկատվական շտաբի ավելի վաղ տարածած հաղորդագրությունը, եւ նշել, որ մարտի 25-ին Ադրբեջանի ԶՈՒ 25-րդ ստորաբաժանումը, խախտելով Հայաստանի, Ռուսաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9/10-ի եռակողմ հայտարարությամբ ամրագրված շփման գիծը, գրավել է բարձունքներից մեկն ու սկսել է դիրքի ինժեներական կահավորումը։ ՌԴ խաղաղապահների հրամանատարությունը միջոցներ է ձեռնարկում ճգնաժամային իրավիճակի սրումը կանխելու եւ կողմերի փոխադարձ սադրանքները կանխելու համար։ Ադրբեջանական կողմին պահանջ է փոխանցվել պետությունների ղեկավարների եռակողմ համաձայնագրերի դրույթները կատարելու, ինժեներական աշխատանքները դադարեցնելու եւ ազգային զինված ուժերի ստորաբաժանումները նախկինում գրաված դիրքեր հետ քաշելու անհրաժեշտության մասին։ Ադրբեջանական ԶՈՒ-ի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին եւ վերահսկում են այն: Միեւնույն ժամանակ նրանք բանակցություններ են վարում ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք:
Ավելի վաղ Ադրբեջանի ՊՆ-ն հայտարարել էր, թե ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները տեղային հսկողության միջոցառումներ են ձեռնարկել Լաչինի միջանցքի հյուսիսային հատվածում, նշելով, թե ադրբեջանական կողմն իբր վերջին օրերին ԼՂ-ից ՀՀ տանող գրունտային ճանապարհներին «ապօրինի» շինարարական աշխատանքների ակտիվացում է արձանագրել։ Ընդգծվում էր նաեւ, թե դա արվել է իբր Հայաստանից զենք-զինամթերք տեղափոխելու միջոցով իրավիճակի սրումը կանխելու համար։
Արցախի իշխանություններն ընդգծել են, որ ճանապարհն զինամթերքի փոխադրման նպատակով կիրառելու մասին ադրբեջանական կողմի կեղծ պնդումը պարզապես պատրվակ է հերթական ագրեսիվ ու ապակառուցողական գործողությունների համար: «Արցախի Պաշտպանության բանակի գոյությունն ու բնականոն գործունեությունը որեւէ վտանգ չի ներկայացնում որեւէ մեկի հանդեպ, քանի որ նախատեսված է բացառապես ինքնապաշտպանության համար՝ նկատի ունենալով Արցախի ժողովրդի ֆիզիկական գոյության ու անվտանգության դեմ ուղղված իրական ու անմիջական վտանգներն ու սպառնալիքները»,- նշված է հայտարարության մեջ։