Արցախի ՊՆ մամուլի ծառայությունից հայտնել են, որ մարտի 27-ին` 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ։ «Նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է»,– ասված է հաղորդագրության մեջ։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։
Ադրբեջանի զինված ուժերը Շուշի-Լիսագոր հատվածում եռակողմ պայմանագրով ամրագրված շփման գիծը խախտել են մարտի 25-ին եւ որոշակի դիրքային առաջխաղացում գրանցել Արցախի տարածքում: Արցախի տեղեկատվական շտաբի մարտի 25-ին տարածած հաղորդագրությունը հաստատվել է նաեւ ՌԴ պաշտպանության նախարարության տեղեկագրում։ Ադրբեջանական ԶՈՒ-ի դիրքային առաջխաղացումից հետո ռուս խաղաղապահները դիրքավորվել են տվյալ բարձունքին եւ վերահսկում են այն: Միեւնույն ժամանակ նրանք սկսել են բանակցություններ վարել ադրբեջանական կողմի հետ՝ ապահովելու համար նրանց վերադարձը ելման դիրք: