Վիեննայի միջազգային կազմակերպություններում ՌԴ մշտական ներկայացուցիչ Միխայիլ Ուլյանովը հայտարարել է, որ ԱՄՆ-ը, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան պատրաստ չեն վերսկսելու Իրանի միջուկային ծրագրի շուրջ Գործողությունների համատեղ համապարփակ ծրագրի (ԳՀՀԾ) շուրջ բանակցությունները: Ռուս դիվանագետը նշել է, որ իրավիճակն, ըստ էության, հայտնվել է փակուղում։ Նրա համոզմամբ՝ դրա պատասխանատուն ոչ թե Իրանն է, ինչպես, ըստ նրա, փորձում են լրատվամիջոցներում ներկայացնել արեւմտյան քաղաքական գործիչներն ու դիվանագետները, այլ Միացյալ Նահանգները, Գերմանիան, Ֆրանսիան եւ Մեծ Բրիտանիան։
«Այդ երկրները ներկա դրությամբ պատրաստ չեն վերսկսելու եւ ամենակարճ ժամկետում ավարտելու միջուկային գործարքի վերականգնման շուրջ բանակցությունները»,- ընդգծել է Ուլյանովը։ Ըստ նրա՝ հարցը առաջվա պես անորոշ վիճակում է, հեռանկարներն էլ միանգամայն աղոտ են: