Մարտի 26-ին Շիրակի մարզի Անի խոշորացված համայնքում համամասնական ընտրակարգով ավագանի ընտրեցին: Արտահերթ ընտրություններին 19 բնակավայրերի՝ ընտրելու իրավունք ունեցող 15918 անձանցից քվեարկությանը մասնակցեցին 9870-ը:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովից տեղեկացնում են, որ ըստ նախնական արդյունքների՝ Անիում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը միանձնյա առաջատար է. հատել է 50+1 շեմը, հետեւաբար կոալիցիա ձեւավորելու կարիք չկա:
Ընտրությանը մասնակցած 4 քաղաքական ուժերի մեջ անեցիների քվեները բաշխվել են հետեւյալ համամասնությամբ.
«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքին բաժին է հասել 3134, «Հայկական երազանք» կուսակցությանը՝ 795, «Իմ հզոր համայնք» կուսակցությանը՝ 744, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը՝ 5180 քվե:
Ավագանու անդամ դառնալու համար 3 կուսակցություններով եւ մեկ դաշինքով 191 թեկնածու էր գրանցվել:
Հիշեցնենք, որ նախորդ ՏԻՄ ընտրություններն անցկացվել էին 2022 թվականի սեպտեմբերի 25-ին: Ընտրապայքարի մեջ էին 3 քաղաքական ուժեր, որոնցից ոչ մեկը 50+1 ձայն չէր հավաքել, հետեւաբար միանձնյա, առանց կոալիցիա կազմելու չկարողացան համայնքի ղեկավար ընտրել: Հիմնական պայքարը ՀՀԿ-ական նախկին համայնքապետ Արտակ Գեւորգյանի եւ ՔՊ-ի նախընտրական ցուցակի առաջին համարի՝ Արման Սարիբեկյանի միջեւ էր: Չնայած ՀՀԿ-ն շուրջ 700 ձայնով առաջատար էր, բայց համայնքի ղեկավարի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Արման Սարիբեկյանը:
Եթե նախորդ անգամ անեցիների միայն 50 տոկոսն էր օգտվել ընտրելու իրավունքից, այս անգամ թիվն աճել էր 12 տոկոսով՝ հասնելով 62-ի:
33-րդ ընտրատարածքային ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Արթուր Նաջարյանը տեղեկացնում է, որ շրջել են բոլոր տեղամասերում, փաստել, որ ակտիվությունն աննախադեպ է: Ընտրության գործընթացի վրա էական ազդեցություն ունեցող խախտումներ չեն արձանագրվել, փոքր միջադեպեր են եղել, որոնք արագ հարթվել են:
«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Գեւորգ Քոթանջյանը դիտարկումների ընթացքում բազմաթիվ խախտումներ է արձանագրել: Ասում է՝ վստահված անձինք կասկածելի գերակտիվ են եղել, իսկ թե որ քաղաքական ուժի վստահորդներն են, անուններ չի հնչեցնում: Խախտումներ եւ ահազանգեր ստացել են բոլոր 20 տեղամասերից: Արձանագրվել են ընտրողի ընտրության բացահայտման, ընտրողների ուղղորդման դեպքեր: Քոթանջյանը փաստում է նաեւ, որ քաղաքում, հատկապես ընտրատեղամասերի դիմաց տղամարդիկ են շրջում, փորձում ազդել ընտրողի վրա, հսկում են մարդկանց ելումուտը:
Մենք եւս բախվեցինք նման խնդրի. Մարալիկում տեղակայված ընտրատարածքների դիմաց «մտահոգ ծխող» տղամարդիկ փորձում էին ճշտել, թե ով ենք, իրենց կողմի՞ց ենք, թե՞ ոչ: Տեղամասերում էլ հանդիպեցինք բորբոքված ու գոռգոռացող վստահված անձանց:
Ավելի ուշ, երբ հայտնի դարձավ, որ Անիում իշխող ուժը հաղթել է, վարչապետ Նիկոլ Փաշինյանը հաղթական գրառում արեց համացանցում. «Սիսիան եւ Անի խոշորացված համայնքների ընտրողների վստահությունը պարտավորեցնող է եւ սիրելի: Ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, եւ Կա՛ Ապագա»:
Առաջին մասնագիտությամբ բանասեր, երկրորդով՝ հոգեբան, լրագրությունը, սակայն, երրորդը չէ։ Լրագրությունը բոլոր մասնագիտություններից ամենասիրելին է։