Ըստ Ռուսաստանի ԱԳՆ-ին մոտ կանգնած աղբյուրի՝ Մոսկվան բացարձակապես «անընդունելի» է որակել Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կանոնադրությանը (ստատուտին) միանալու Երեւանի ծրագրերը։ «Մոսկվայում բացարձակապես անընդունելի են համարում Միջազգային քրեական դատարանի հռոմեական կանոնադրությանը միանալու վերաբերյալ պաշտոնական Երեւանի ծրագրերը Ռուսաստանի ղեկավարության նկատմամբ վերջերս ՄՔԴ-ի անօրինական եւ իրավաբանորեն ոչինչ չներկայացնող «օրդերների» համատեքստում»,- նշել է աղբյուրը:
ՀՀ Սահմանադրական դատարանը մարտի 24-ին որոշում է ընդունել, ըստ որի` Հայաստանի միացումը միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությանը համապատասխանում է երկրի հիմնական օրենքին։
Դեռ 2022-ի վերջին Հայաստանի Կառավարությունը սկսել է Միջազգային քրեական դատարանի Հռոմեական կանոնադրության վավերացման գործընթացը։ Միջազգային դատարաններում Հայաստանի ներկայացուցիչ Եղիշե Կիրակոսյանը նշել է, որ Երեւանը նոր կարգավիճակով կկարողանա միջազգային քրեական դատարանի առջեւ բարձրացնել Հայաստանի ինքնիշխան տարածքի ու դրա բնակչության դեմ Ադրբեջանի ագրեսիայի եւ ռազմական հանցագործությունների հարցը:
Հայաստանը ստորագրել է այդ փաստաթուղթը 1999-ի հոկտեմբերին, սակայն չի վավերացրել, քանի որ 2004-ի օգոստոսին Սահմանադրական դատարանը փաստաթուղթը հակասահմանադրական է ճանաչել: Հաշվի առնելով, որ այդ ժամանակվանից Սահմանադրությունը երկու անգամ փոփոխվել է՝ Կառավարությունը որոշել է վերանայել փաստաթուղթը։