ՀՀ առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը սփյուռքահայ հանրաճանաչ եւ հեղինակավոր մտավորական, գրող, մանկավարժ, հրապարակախոս, «Ազգ» թերթի համահիմնադիր Երվանդ Ազատյանի մահվան առիթով իր խորին ցավակցությունն է հայտնել Ազատյանի հարազատներին, սաներին, ընկերներին, բարեկամներին, ամբողջ հայ ժողովրդին։ «Նա մեկն էր մեր ժամանակի ազգային գործիչներից, ով իր ողջ կյանքը նվիրել էր սփյուռքահայության հոգեւոր, մշակութային, ազգային կրթության գործին։ Ամբողջ կյանքում կուսակցական գործիչ լինելով հանդերձ, նա՝ իր պես լայնախոհ անհատականությունների հանգույն, երբեք չի առաջնորդվել նեղ կուսակցական շահերով»,- գրել է առաջին նախագահը։
Լեւոն Տեր-Պետրոսյանը նշել է, որ վերջին անգամ Երվանդ Ազատյանին հանդիպել է անցյալ տարվա սեպտեմբերին իր այգու փայտաշեն զրուցարանում։ «Ավելի քան երեք ժամ տեւած զրույցը վերածվեց հուշերի երեկոյի։ Տեւականորեն գործակցած լինելով սփյուռքահայ մեծագույն անհատականություններ Վահան Թեքեյանի, Գերսամ Ահարոնյանի եւ Ալեք Մանուկյանի հետ, պարոն Ազատյանը բազմաթիվ հուշեր պատմեց նրանց մասին, ինչի համար ես խորապես երախտապարտ եմ նրան։ Ես չեմ անդրադառնում պարոն Ազատյանի բազմակողմանի գործունեության մնացյալ բնագավառներին, որոնք հայտնի են գրագետ հասարակության գրեթե բոլոր շերտերին»,- նշել է առաջին նախագահը։
«Ցավում եմ, որ նա մեզնից հեռացավ Արցախին եւ Հայաստանին բաժին ընկած վերջին ողբերգությունից հոգեպես ընկճված վիճակում»,- ֆեյսբուքյան իր գրառման մեջ նշել է Լեւոն Տեր-Պետրոսյանը։
«Ալիք Մեդիա»-ի խմբագրակազմը միանում է Երվանդ Ազատյանի մահվան առիթով ցավակցություններին։
Մեր պահանջներում մաքսիմալիստներ ենք․ ամեն ինչ կամ ոչինչ։ Եվ գրեթե անփոփոխ կերպով ստացել ենք ոչինչ․ Երվանդ Ազատյան
Երվանդ Ազատյանի անձին է անդրադարձել նաեւ Հայ ազգային կոնգրեսի համակիր Հարութ Ուլոյանը՝ նշելով, որ Ազատյանն այն եզակի անհատներից էր, որը 1997-ի նոյեմբերի 1-ին Լեւոն Տեր-Պետրոսյանի հեղինակած «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն․ լրջանալու պահը» հոդվածի հրապարակումից հետո հրապարակայնորեն աջակցություն էր հայտնել Հիմնադիր նախագահին։
Այնուհետեւ Հարութ Ուլոյանը ֆեյսբուքյան իր գրառման մեջ հատվածներ է հրապարակել Երվանդ Ազատյանի՝ 1997-ի նոյեմբերի 8-ին երեւանյան «Ազգ»-ում, ինչպես նաեւ դրանից առաջ Բոստոնում հրատարակվող «Արմինյըն միրոր սփեքթեյթըր» պարբերականի առաջնորդողում լույս տեսած հոդվածից։ [․․․] «Անկախ նրանից, թե ապագայում ինչպիսի ձեւ կստանա ղարաբաղյան հակամարտությունը, դրան շրջապատող դեպքերը միշտ էլ աղերս են ունենալու Տեր-Պետրոսյանի հայտարարությունների հետ։ [․․․] «Տեր-Պետրոսյանի երկաթյա տրամաբանությունը մեզ ցավագին կերպով իրազեկ է դարձնում Ղարաբաղը շրջապատող իրական կացությունը։ Վեց դար շարունակ պետականությունից զրկված լինելն իր հետքն է թողել մեր ժողովրդի քաղաքական հասունության վրա։ Դարձել ենք մաքսիմալիստներ մեր պահանջներում եւ ակնկալություններում․ ամեն ինչ կամ ոչինչ։ Եվ գրեթե անփոփոխ կերպով ստացել ենք ոչինչ։ Նախագահի առաջարկածն այս պարագայում շոշափելի մի բան է Ղարաբաղի համար, ինչը որոշապես չի համապատասխանում մեր ազգային ակնկալություններին, սակայն միաժամանակ չի սրբում-տանում այդ ակնկալությունները»,- իր հոդվածում ընդգծել էր Երվանդ Ազատյանը։