Իրավաբան Վահե Գրիգորյանը (չշփոթել ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ) անդրադարձել է Հռոմի կանոնադրությունը ՀՀ Սահմանադրությանը չհակասող ճանաչելու Հայաստանի Սահմանադրական դատարանի որոշմանը։ Նա շեշտել է, որ Հռոմի ստատուտի վերաբերյալ որոշում ընդունելով` Սահմանադրական դատարանն, ըստ էության, հակասող է ճանաչել իր իսկ դատական ակտը` 2004 թվականի օգոստոսի 13-ի որոշումը, երբ Հռոմի փաստաթուղթը ճանաչվել էր 1995-ի ՀՀ Սահմանադրությանը հակասող։
Վահե Գրիգորյանը նշել է, որ Հռոմի ստատուտի կարգավորումներով` միջազգային քրեական դատարանով քրեական պատասխանատվության ենթարկված անձանց նկատմամբ չի կարող կիրառվել համաներում կամ ներում։ Ըստ իրավաբանի` ներում կամ համաներում շնորհելու վերոհիշյալ դրույթները գործող Սահմանադրության մեջ նույնպես ամրագրված են, բայց եթե Հռոմի փաստաթուղթն արդեն ճանաչվել է մայր օրենքին համապատասխանող, ապա մենք նաեւ քրեական դատավարության տեսանկյունից ունենալու ենք լուրջ խնդիրներ։ «Սա արդեն ինքնիշխանության դրույթի որոշակի սահմանափակում նախատեսող ընթացակարգ է, որովհետեւ պետությունն ինքն է նախագահի հրամանագրով ներում եւ համաներում շնորհում, կամ նման քայլ կարող է կատարել ԱԺ-ն։ Հենց այդ հիմքով 2004-ին ՍԴ-ն Հռոմի փաստաթուղթը հակասող էր ճանաչել մեր Սահմանադրությանը»,– «Սպուտնիկ Արմենիա»-ի հետ զրույցում նշել է Գրիգորյանը։
«Պատկերացնենք, որ, օրինակ, Ադրբեջանն է Հռոմի ստատուտի շրջանակում միջազգային քրեական իրավունքով արգելված արարքի հարց բարձրացնում Եվրոպական դատարանում եւ կաշառքի միջոցով հասնում ինչ–որ դատավճռի։ Պատկերացնո՞ւմ եք, թե Հայաստանում քանի անձ կարող է միջազգային քրեական հետախուզման եւ Հռոմի ստատուտի շրջանակում քրեական հետապնդման ենթարկվել»,- նշել է Գրիգորյանը։ Իրավաբանը նշել է, որ բազմաթիվ երկրներ զերծ են մնում Հռոմի փաստաթուղթը վավերացնելուց, քանի որ միջազգային քրեական դատարանը, նրանց կարծիքով, առաջացնում է խնդրահարույց իրավիճակ։ Անդրադառնալով միջազգային դատական պրակտիկային` Գրիգորյանը հիշեցրել է, որ Լաչինի միջանցքի բացման վերաբերյալ, օրինակ, Հաագայի միջազգային դատարանի որոշումը դեռ կյանքի չի կոչվել։ Նրա համոզմամբ՝ Արեւմուտքի երկրները տարբեր հիմքեր կգտնեն, որպեսզի ՀՀ-ի օգտին ընդունված դատական ակտերը չկատարվեն։