ԱՄՆ պետքարտուղարության փոխխոսնակ Վեդանտ Պատելը հայտնել է, որ ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի ԱԳ նախարար Բայրամովի հետ: Նրանք քննարկել են իրավիճակը տարածաշրջանում եւ Երեւանի ու Բաքվի միջեւ հարաբերությունների կարգավորման, ինչպես նաեւ խաղաղության գործընթացը:
Դոնֆրիդը մտահոգություն է հայտնել տարածաշրջանում լարվածության աճի եւ Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ։ Նա ընդգծել է Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հարաբերությունների կարգավորման կարեւորությունը հանուն տարածաշրջանում խաղաղության ու բարգավաճման: ԱՄՆ պետքարտուղարի օգնականը կրկին շեշտել է` կայուն խաղաղության ուղին երկխոսությունն է: Նա վերահաստատել է ԱՄՆ-ի աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին:
Ըստ Պետդեպարտամենտի ներկայացուցչի՝ խնդրի լուծման եւ խաղաղության հասնելու բանալին կողմերի միջեւ ուղիղ երկխոսությունն է։ «Այս հակամարտությունը ռազմական լուծում չունի։ Մենք կշարունակենք նպաստել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ բանակցություններին ինչպես երկկողմ ձեւաչափով, այնպես էլ գործընկերների հետ, ինչպես նաեւ բազմակողմ հարթակներում»,- հավելել է Պատելը։