ԵՊԲՀ հիգիենայի եւ էկոլոգիայի ամբիոնի դոցենտ, Երեւանի ավագանու անդամ Քրիստինա Վարդանյանը հայտարարել է, որ վերջին տասնամյակների ընթացքում մայրաքաղաքում քայքայված լանջերի` անտառապատ տարածքների տեղում հիմա էրոզիայի ենթարկված հողեր են։ Բացի դրանից, ըստ նրա, ծառատունկ արվում է ոչ պրոֆեսիոնալ եղանակով. եթե 2018-2019 թվականներին Երեւանում տնկվել են 3000 թուփ եւ 2 միլիոն ծաղիկ, դրան հաջորդող երկու տարիների ընթացքում տնկվել են 400 հազար թուփ, 80 հազարից ավել վարդեր։ Նա նշել է, որ կանաչապատման առումով ներկայում Երեւանը 90-ականների մակարդակին է. վերականգնման գործընթացը չի ընթանում այն տեմպով, ինչ ներկայացվում է։ Ավելին, եթե 1990-ին ՀՀ-ում կար 903 հեկտար կանաչ գոտի, 2020-ի տվյալներով արդեն դարձել է 867 հեկտար։
Վարդանյանը կարեւորել է ոչ թե ծառատունկ անելը, այլ արմատական քայլերը, օրինակ՝ հորեր ստեղծելը, որպեսզի ոռոգման հարցը լուծվի։ «Ծառատունկ անելիս պետք է հաշվի առնել մեր ունեցած ռեսուրսները` արդյո՞ք ի վիճակի ենք հետո խնամելու դրանք, քանի որ քանիցս ահազանգում են, որ տնկիները չեն ջրում»,- նշել է նա։ «Երբ Երեւանին ասում են վարդագույն քաղաք, խոսքը վարդերի եւ վարդագույն տուֆի մասին է, ոչ թե սակուրաների, որոնք հիմա ուզում են տնկել Երեւանի կենտրոնում։ Եթե սակուրան ապահովում է 10-օրյա ծաղկում եւ տերեւների անկում, ապա մեր տերյանական աշունը հացենիի գունավորմամբ է եղել»,- ընդգծել է Վարդանյանը։
«Կանաչապատում եւ շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի նախկին փոխտնօրենը հավելել է, որ պետք է ընտրել սանիտարական հատկանիշներով հզոր եւ մարդու հոգեկան աշխարհի վրա ազդեցություն ունեցող ծառատեսակներ։ Նրա համոզմամբ սակուրան ոչ մի հատկանիշով չի կարող մրցել հացենու հետ, եւ երբ հատում են ծառերը, պետք է համալրեն նույնանման ծառերով։ Միաժամանակ, մասնագետը տեղեկացրել է, որ Երեւանում իրենց շատ լավ են զգում սոճին, սոսին, գիհին. գիհու մեկ հեկտարը մաքրում է միջին չափի քաղաքի օդի ավազանը միկրոօրգանիզմներից։