Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) հայաստանյան գրասենյակի հաղորդակցման եւ կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին հայտնել է, որ գրասենյակի ներկայացուցիչները վերստին այցելել են Ադրբեջանում պահվող հայ գերիներին։ Նա հավելել է, որ հերթական այցելությունը տեղի է ունեցել մարտի սկզբին, իսկ դրան նախորդող այցը՝ հունվարին։
Կարմիր խաչի պատվիրակներն այցելել են այն գերիներին, որոնց առկայությունը Ադրբեջանի իշխանությունները պաշտոնապես ճանաչել են։ Այս անգամ եւս գերիներին հնարավորություն է ընձեռվել կապ հաստատելու հարազատների հետ՝ նամակներ փոխանցել, խոսել հեռախոսով եւ տեսակապով:
ԿԽՄԿ ներկայացուցիչները գնահատել են նաեւ գերիների առողջական վիճակն ու պահման պայմանները։