Արցախի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ադրբեջանի զինուժը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին` Աղավնո եւ Տեղ գյուղերի արանքում:
Նշվում է, որ արդեն պատրաստ է փակված ճանապարհը շրջանցող՝ Սյունիքի մարզի Տեղ-Կոռնիձոր գրունտային նոր ավտոճանապարհը, որը միանում է 2022-ի օգոստոսին շահագործման հանձնված նոր՝ Կոռնիձոր-Հին շեն ճանապարհին («Բերձորի (Լաչինի) միջանցքին»): Տեղ-Կոռնիձոր նշված ճանապարհի ասֆալտապատման աշխատանքները Հայաստանի Հանրապետության կողմից ընթացքի մեջ են։
Արցախի ՆԳ նախարարությունն իրազեկում է, որ Տեղ-Կոռնիձոր գրունտային ճանապարհը երթեւեկելի է, եւ հաշվի առնելով Արցախի շարունակվող շրջափակումը՝ դրանով հնարավոր է իրականացնել ռուս խաղաղապահների եւ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Արցախի հումանիտար մատակարարումները: Այդ ճանապարհն, ի դեպ, Արցախի սահմանին՝ Հակարի գետի կամրջի մոտ, վերահսկում է ռուսական խաղաղապահ զորակազմը։
Արցախը Հայաստանին կապող միջպետական մայրուղու Շուշիի հատվածի արգելափակման հետեւանքով Արցախի բնակչությունը արդեն 108 օր զրկված է արտաքին աշխարհի հետ կապից: