Միացյալ Նահանգների նախագահ Ջո Բայդենի նախաձեռնությամբ առցանց ձեւաչափով անցկացված Հանուն ժողովրդավարության 2-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ավարտին ընդունվել է հռչակագիր։
Հռչակագրով ընդունվում են ՄԱԿ-ի կանոնադրության հիմնարար սկզբունքները, ըստ որոնց՝ բոլոր պետություններն իրենց միջազգային հարաբերություններում պետք է զերծ մնան ցանկացած պետության տարածքային ամբողջականության կամ քաղաքական անկախության դեմ ուժի սպառնալիքից կամ կիրառումից եւ իրենց միջազգային վեճերը կարգավորեն խաղաղ միջոցներով: Հռչակագրին միացածներն ընդունում են պետությունների անհատական կամ կոլեկտիվ ինքնապաշտպանության անկապտելի իրավունքը՝ ըստ Միավորված ազգերի կազմակերպության կանոնադրության 51-րդ հոդվածի։
Այնուհետեւ արծարծվում է Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի թեման, ապա ՌԴ-ին կոչ է արվում դադարեցնելու ռազմական գործողություններն Ուկրաինայում՝ միջազգայնորեն ճանաչված սահմաններով Ուկրաինայի տարածքից անհապաղ, ամբողջությամբ եւ անվերապահորեն բոլոր ռազմական ուժերը դուրս բերելու՝ Ռուսաստանին ուղղված հստակ պահանջով։
Քանի որ պարբերությունը համապարփակ եւ ընդգրկուն կերպով չի արտացոլում բոլոր հակամարտությունները եւ ճգնաժամերը եւ չի անդրադառնում ՀՀ ինքնիշխան տարածքի դեմ Ադրբեջանի ագրեսիայի դրսեւորման եւ Հայաստանի ինքնիշխան տարածքի որոշակի հատվածների բռնազավթման փաստին, Հայաստանի Հանրապետությունը հռչակագրին միացել է վերապահումով։