ՀՀ ԿԳՄՍ նախարարության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից հայտնել են, որ ՀՀ Կառավարության որոշմամբ հաստատվել է պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետման տրամադրման համար բուհերի եւ բնագիտական, տեխնոլոգիական, ճարտարագիտական, մաթեմատիկական (ԲՏՃՄ) ուղղություններով համապատասխան մասնագիտությունների ցանկը:
Այս պահին ընտրվել է 5 բուհ՝ Երեւանի պետական համալսարանը, Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանը, Ռուս-հայկական համալսարանը, Հայաստանի ամերիկյան համալսարանը եւ Հայաստանում ֆրանսիական համալսարանը, որոնք կրթություն են կազմակերպում ԲՏՃՄ ուղղություններով:
Ստորեւ ներկայացնում ենք վերոնշյալ համապատասխան մասնագիտությունների ցանկը․
Երեւանի պետական համալսարան
Բակալավր՝ ֆիզիկա, միջուկային ռեակտորների ֆիզիկա, նանոֆիզիկա եւ առաջատար տեխնոլոգիաներ, երկակի նշանակության տեխնոլոգիաների ֆիզիկա, ռադիոֆիզիկա, քիմիա:
Մագիստրատուրա՝ տեսական ֆիզիկա, միջուկային ֆիզիկա եւ ատոմային էներգետիկա, աստղաֆիզիկա, ռադիոֆիզիկա, էլեկտրադինամիկական պրոցեսների համակարգչային մոդելավորում եւ նմանակում, քիմիա:
Ասպիրանտուրա՝ տեսական ֆիզիկա, ռադիոֆիզիկա, կիսահաղորդիչների ֆիզիկա, անօրգանական քիմիա, կենսաքիմիա:
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան
Բակալավր՝ ատոմային էներգետիկա, հեռահաղորդակցություն եւ ազդանշանների մշակում, մեքենաշինություն եւ նյութերի մշակում, ավիացիոն եւ հրթիռային տեխնիկա, թռչող ապարատների ավիացիոն սարքավորումներ:
Մագիստրատուրա՝ ատոմային էներգետիկա, այլընտրանքային էներգետիկա, հեռահաղորդակցություն, մեքենաշինություն եւ նյութերի մշակում, ավիացիոն եւ հրթիռային տեխնիկա:
Ասպիրանտուրա՝ օրգանական նյութերի սինթեզի եւ վերամշակման տեխնոլոգիա:
Հայ-ռուսական համալսարան
Մագիստրատուրա՝ այլընտրանքային էներգետիկա:
Ասպիրանտուրա՝ օրգանական քիմիա, կենսաֆիզիկա, կենսաինֆորմատիկա, ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականային սարքավորումներ, համակարգեր, տեխնոլոգիաներ:
Հայաստանի ամերիկյան համալսարան
Մագիստրատուրա՝ արդյունաբերական ճարտարագիտություն:
Հայաստանում ֆրանսիական համալսարան
Մագիստրատուրա՝ արհեստական բանականությամբ համակարգեր: