Ըստ «Շրջափակման հետեւանքով Արցախի տնտեսության կորուստների գնահատման զեկույց»-ի՝ Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին եւ աշխարհին կապող միակ ճանապարհի՝ Լաչինի միջանցքն արգելափակելու հետեւանքով ֆինանսատնտեսական կորուստները օրական առնվազն 753 միլիոն դրամ կամ 1,9 միլիոն դոլար են: Շրջափակման հետեւանքով 100 օրվա հաշվարկով Արցախին պատճառվել է շուրջ 165 միլիոն դոլարի չափով տնտեսական վնաս, երբ գնահատվում են սոցիալ-տնտեսական կորուստները, եւ շուրջ 190 միլիոնի չափով, երբ գնահատվում է նաեւ բարեկեցության կորուստը: Զեկույցը պատրաստել է հանրային ֆինանսների կառավարման միջազգային խորհրդատու Վարդան Արամյանի գլխավորած տնտեսագետների մասնագիտական խումբը։ Տնտեսագետների թիմը գնահատումները կատարել է 4 մոտեցումներով՝ կիրառելով տարբեր գործիքակազմեր:
Ըստ զեկույցի՝ շրջափակման հետեւանքով Արցախի ընդհանուր ֆինանսատնտեսական կորուստները օրական նվազագույնը 651 միլիոն դրամ կամ 1,6 միլիոն դոլար են: «1,6 միլիոն դոլարը առանց բարեկեցության կորստի, զուտ միայն սոցիալ-տնտեսական կորուստների գնահատականն է մեկ օրվա համար, որի մեջ մտնում է հարկերի կորուստը՝ շուրջ 81 միլիոն դրամով, եւ առաջնային սոցիալական ծախսերը՝ 36,3 միլիոն դրամով: Օրական կորուստը 1,65 միլիոն դոլար ենք ստանում, եթե հաշի առնված չէ բարեկեցության կորստի մասը: Եթե բարեկեցությունն էլ հաշվի ենք առնում, ապա ստացվում է 1,9 միլիոն դոլար յուրաքանչյուր օր՝ առանց գնահատելու պոտենցիալի կորուստը, բուֆերների համար անհրաժեշտ ծախսերի ֆինանսավորման մեծությունը»,- նշել է Արամյանը:
Արցախի տնտեսությունը մինչեւ 2020-ն աճել է, 2020-ից սկսած, կրելով պատերազմի աղետալի հետեւանքները, երկու տարի անընդմեջ անկում է ապրել, որի տեմպը եղել է տարեկան միջին հաշվով 17,6%: 2022-ից Արցախի տնտեսությունը սկսել է վերականգնվել: Հունվար-սեպտեմբերին գրանցվել է զգալի բարձր տնտեսական աճ՝ 18,2%: Սակայն այդ բարձր աճը խաթարվել է շրջափակման հետեւանքով: Օրինակ՝ դեկտեմբերի տնտեսական ակտիվության ցուցանիշը նվազել է 20,7%-ով՝ այն դեպքում, երբ հոկտեմբերին եւ նոյեմբերին ՏԱՑ-ի աճի տեմպերը շարունակել են նախորդ 9 ամիսների աճերի հետ համադրելի բարձր լինել՝ համապատասխանաբար 27,7% եւ 13,5%:
Արցախի կառավարության եւ նախկին պետնախարար, «Մենք ենք մեր սարերը» տարածքային զարգացման գործակալության համահիմնադիր Ռուբեն Վարդանյանի պատվերով պատրաստված զեկույցը ներկայացվելու է միջազգային կառույցներին: