Ըստ BBC-ի՝ Նյու Յորքի երդվյալ ատենակալները մեղադրանք են առաջադրել ԱՄՆ 45-րդ նախագահ Դոնալդ Թրամփին՝ պոռնոաստղ Սթորմի Դենիելսին լռեցնելու փորձի համար: Սթորմի Դենիելսը պնդում է, որ 2006-ին հարաբերություններ է ունեցել Թրամփի հետ, եւ որ Թրամփի փաստաբան Մայքլ Քոհենը նրան 130 հազար դոլար է վճարել՝ դրա մասին չբարձրաձայնելու համար: Թրամփը հերքել է սա՝ մեղադրանքի առաջադրումը որակելով որպես քաղաքական հետապնդում:
ԱՄՆ Հանրապետական կուսակցության անդամները պաշտպանել են Թրամփին՝ քննադատելով դատախազներին, իսկ դեմոկրատները նշել են, որ ոչ ոք օրենքից վեր չէ: ԱՄՆ նախկին նախագահը, որը պետք է Ֆլորիդայից մեկնի Նյու Յորք՝ ապրիլի 4-ին դատարանի առջեւ կանգնելու համար, հայտարարել է, որ Նյու Յորքում արդար դատավարություն չի ակնկալում: «Նրանք իմ դեմ այս կեղծ, անազնիվ եւ խայտառակ մեղադրանքն առաջադրել են, որովհետեւ ես կանգնած եմ ամերիկացի ժողովրդի կողքին»,- գրել է Դոնալդ Թրամփն իր սեփական Truth Social սոցիալական ցանցում: Նրա համախոհները գիշերը հավաքվել են Ֆլորիդայի նրա «Մար ա Լագո» կալվածքի դիմաց՝ իրենց աջակցությունը հայտնելով նախկին նախագահին:
Առայժմ պարզ չէ, թե կոնկրետ ինչ մեղադրանք է առաջադրվելու Սպիտակ տան նախկին ղեկավարին: Այդուհանդերձ, ամերիկյան լրատվամիջոցները գրում են, որ Թրամփին սպառնում է երկու տասնյակից ավելի մեղադրանք՝ բիզնես խարդախությունների առնչությամբ: ԱՄՆ որեւէ նախկին նախագահի նկատմամբ քրեական մեղադրանք երբեւէ չէր առաջադրվել: Պատմության մեջ առաջին անգամ նախկին նախագահից մատնահետքեր կվերցնեն, կլուսանկարեն ոստիկանության բաժանմունքում եւ կնստեցնեն մեղադրյալի աթոռին: