ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Իմանգալի Տասմագամբետովը Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության շտաբում ղեկավար կազմի ընդլայնված խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ հայ-ադրբեջանական սահմանին եւ Լեռնային Ղարաբաղի գոտում տիրող իրավիճակը կարող է լրջորեն ապակայունանալ։
Ըստ նրա` Լեռնային Ղարաբաղում եւ հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակին առնչվող ռիսկերը պահպանվում են: ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը կովկասյան տարածաշրջանում առկա լարվածությունը որակել է որպես բազմամյա հակասությունների հետեւանք։
ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման
ՀԱՊԿ քարտուղարության ներկայացուցիչ Յուրի Շուվալովն իր հերթին հայտարարել է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունը միշտ պատրաստ է առաքելություն ուղարկել հայ-ադրբեջանական սահման՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից։ Շուվալովը նշել է, որ օգնության միջոցառումներն արդեն ներառված են ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի որոշման նախագծում, որի ուղղությամբ աշխատում են: