Ըստ գերմանական Deutsche Welle-ի՝ Գերմանիայի նախարարների կաբինետը երկրում աշխատուժի պակասի պայմաններում հավանության է արժանացրել Գերմանիայի դաշնային կառավարության գործող միգրացիոն քաղաքականությունը վերանայելու գործընթացը: Օրինագիծը, որը պետք է անցնի Բունդեսթագով (խորհրդարան) եւ Բունդեսրատով (դաշնային երկրամասերի ներկայացուցչություն), կդյուրացնի արտերկրից որակավորված մասնագետների մուտքը Գերմանիա։ Փաստաթղթի հեղինակների՝ ներքին գործերի նախարար Նենսի Ֆեյզերի եւ աշխատանքի նախարար Հուբերտուս Հեյլի գնահատմամբ՝ Եվրամիության կազմի մեջ չմտնող երկրներից որակավորված աշխատողների ներգաղթը կավելանա տարեկան մոտավորապես 60 հազարով, ինչը գրեթե կրկնակի գերազանցում է 2019-ի՝ մինչեւ ՔՈՎԻԴ-19-ի համավարակը եղած ցուցանիշները:
Օրինագիծը, ի թիվս այլ բաների, նախատեսում է նոր «հնարավորությունների քարտի» (Chancenkarte) ներմուծում բալային համակարգով։ Բալերը հաշվարկելիս հաշվի առնվող չափանիշները ներառում են որակավորումը, գերմաներենի իմացությունը, մասնագիտական փորձը, կապը Գերմանիայի հետ (օրինակ՝ երկրում արդեն ապրող հարազատները) եւ տարիքը։ «Հնարավորությունների քարտը» որակավորած օտարերկրացի մասնագետներին մեկ տարի է տալիս Գերմանիայում աշխատանք գտնելու համար: Որպեսզի հայցորդները կարողանան իրենց ֆինանսապես ապահովել այդ ժամանակաընթացքում, այն նաեւ կողմնակի գումար աշխատելու հնարավորություն է տալիս: Նոր օրինագիծն այն օրենքների փաթեթի մի մասն է, որոնց միջոցով Գերմանիայում իշխող կոալիցիան ձգտում է արդիականացնելու միգրացիոն օրենսդրությունը, կեցության թույլտվության ձեւակերպումը եւ քաղաքացիություն ստանալու գործընթացը: