Դանիան եւ Նորվեգիան համաձայնագիր են կնքել Ուկրաինային համատեղ կերպով ութ հազար միավոր հրանոթային արկ փոխանցելու վերաբերյալ:
Համաձայն Դանիայի պաշտպանության նախարարության հրապարակած տեղեկության՝ Ուկրաինան Ռուսաստանի դեմ իր ազատության համար մղած պայքարում շարունակում է սուր կերպով զգալ զինամթերքի պակաս, եւ Դանիան ՆԱՏՕ-ի եւ ԵՄ անդամ մյուս երկրների հետ շարունակում է աջակցել Ուկրաինային:
Ըստ Դանիայի պաշտպանության նախարար Լունդ Պուլսենի հայտարարության՝ Նորվեգիայի հետ նշված ռազմական աջակցությունը Ուկրաինային ցուցաբերվող ռազմական աջակցության ակներեւ օրինակ է: Համաձայնագիրը նախատեսում է, որ դանիական ռազմական արդյունաբերական ձեռնարկությունները նորվեգական ձեռնարկությունների հետ համատեղ կզբաղվեն նորվեգական 155 մմ-անոց հրանոթային արկերի հավաքմամբ, որոնք հետո կփոխանցվեն ուկրաինական զինված ուժերին:
Տրամադրվելիք զինամթերքը կարող է կիրառվել Դանիայի կողմից այս տարվա սկզբին Ուկրաինային փոխանցված CAESAR հրետանային համակարգերի կողմից: Հիշեցնենք, որ ավելի վաղ Ֆրանսիան էր հայտարարել, որ կրկնապատկելու է 155 մմ-անոց արկերի տրամադրումը Ուկրաինային` ամսական հասցնելով երկու հազար միավորի: Եվրոպական միությունն էլ որոշում էր կայացրել Ուկրաինային երկու միլիարդ եվրո հատկացնել` մեկ միլիոն 155 մմ-անոց արկերի ձեռքբերման համար: